Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից զոհված 61-ամյա Սամվել Թմոյանի եղբայրը՝ Մանվել Թմոյանը, վրդովված է․ ականատեսները պատմել են, որ վարորդը մեքենան վարել է շատ արագ և, տեսադաշտ չունենալով, փորձել է շրջանցել մի քանի մեքենա։ 

«Ռակետ է դարձել ավտոն, ռակետ դարձած գնալուց է եղել շրջադարձի վրա։ Mercedes-ի վարորդն ասում է՝ 165 արագություն է բացած եղել, ֆիքսել է ամեն ինչ»,–  NEWS.am-ի հետ զրույցում ասել է զոհվածի եղբայրը՝ Մանվել Թմոյանը. «Ես կուզեմ, որ ով այդ վարորդին նստացրել է ղեկին, պատիժ հասնի։ Այսքան մարդ մահացավ, ջահել աղջիկ կար նրանց մեջ»։

Սամվել Թմոյանը 60-ամյա կնոջ՝ Դուխիկ Թմոյանի հետ Վանաձորից Երևան էր մեկնում հիվանդանոց այցելության նպատակով։ Ամուսինները մեքենաների հարվածից մահացել են հենց տեղում․ նրանք երկու զավակ և թոռներ ունեն։

Վանաձորցի ամուսիններից բացի, «Օպել» մակնիշի ավտոմեքենայում ևս երկու կին ուղևոր է եղել՝ նույնպես Վանաձորից։

Վարորդը՝ Սամսոն Կարապետյանը, 42 տարեկան էր, «Ֆայտոն» տաքսի ծառայության աշխատակից․ նա ընկերության ավտոմեքենայով իրականացնում էր Վանաձոր–Երևան–Վանաձոր ուղևորափոխադրումները։ Կարապետյանն ուներ 3 մանկահասակ երեխա, իսկ կինը հղի է չորրորդ զավակով։

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին։ Սամսոն Կարապետյանը «Օպել»-ով դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել Երևան–Արթիկ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսին։ Զոհերին փրկարարները դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։

Վթարի հետևանքով 11 մարդ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել էր «Ապարան» բժշկական կենտրոն։ Նրանցից երկուսը կոտրվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Վերջին 10 օրերին Հայաստանի ճանապարհներին գրեթե ամեն օր վթարներ են արձանագրվում։ Քաղաքացիները նկատում են՝ հատկապես տաքսիների վարորդները վերջին շրջանում վարում են անզգույշ, գերազանցված արագությամբ և առանց անվտանգության կանոնները պահպանելու։

Ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում։