Տրանսպորտի երթևեկելի գոտիները մեզ համար պետք է լինեն առաջնահերթ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես ուզում եմ հստակ արձանագրել այն խնդիրները, որ մեզ համար այսօր գերակա են, դա ընդհանուր երթևեկության կազմակերպման խնդիրներն են, գնալով աճող մարդատար ավտոմեքենաների քանակն է, տարատեսակ հատվածներում ապօրինի կանգառներն են այդ ավտոմեքենաների։ Նույնիսկ մինչև հանրային տրանսպորտի կանգառների վերադասավորումը պետք է հասկանալ այդ կանգառներից ավտոմեքենաները ոնց ենք հանում, որպեսզի մեր հանրային տրանսպորտը երկրորդ գծում չկանգնի։ Սա ամենասուր խնդիրներից մեկն է հիմա քաղաքում, և ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա։
Ավտոբուսային առանձնացված գծերը այլընտրանք չունեն և այդ գծերը ապահովելու են մեր հանրային տրանսպորտի արագ տեղափոխությունը քաղաքով մեկ։ Շատ դեպքերում մենք արձանագրում ենք, որ ոչ թե մեր հանրային տրանսպորտում մենք ունենք ավտոբուսների քանակի խնդիր, այլ ունենք ընդհանուր առմամբ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր, որը նաև բերում է կանգառներում մարդկանց ծանրաբեռնվածության և հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման։
Հետևապես մեր հանրային տրանսպորտի երթևեկելի գոտիները պետք է լինեն մեզ համար առաջնահերթ։ Խնդրում եմ կենտրոնանալ այս խնդիրների վրա, շաբաթական ռեժիմով ներկայացնել ինչ է արվում։ Մանավանդ որ ես գիտեմ որ արդեն ունենք կոնկրետ տվյալներով հագեցած համակարգեր և այդ համակարգերը կարծում եմ պետք է ի ցույց դրվեն, որպեսզի նաև երևանցիները տեսնեն, թե ինչ է անում մեր նոր հիմնարկը»,–ասաց նա։











