Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացնել մարզային տրանսպորտով՝ լինի ավտոբուսով, թե միկրոավտոբուսով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ բարկացած արձագանքելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հայտարարությանը, թե միջմարզային ուղևորափոխադրումների կարգավորումը առնվազն բացառապես մեր տիրութում չէ։
«Մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է, նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում, և դուք, Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը, հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարտավոր են ապահովել դա
Երևանի ՏԻՄ օրենքով։ Բոլոր հնարավորությունները ստեղծված են, և մանավանդ մեր քննարկումից հետո այս հարցը այս պատասխանը չպիտի ստանար»,–ասաց նա։
Գրիգորյանը փորձեց արդարանալ՝ նշելով. «Պարոն քաղաքապետ, առնվազն իմ կողմից ընկալումը այն էր, ձեր ասածը բնականաբար չբացառելով, որ խոսքը մասնավոր տեղափոխողների մասին է Երևանից դեպի մարզեր, ոչ թե մարզային ուղեգծերի մասին»։
Ավինյանը չէր հանգստանում. «Բոլորի մասին էր, պարոն Գրիգորյան։ Ներքաղաքային տրաֆիկը ներքաղաքային տրանսպորտի լուծելիք հարց է, այսինքն դա մեր տրանսպորտի վարչության խնդիրն է։ Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները։ Հետևապես, եկեք այս հստակ տարանջատումը և բաժանումը անենք։ Ամենայն հարգանքով և սիրով մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ, զոնտիկների մոտից մարդկանց վերցնում է, հայբուդուր սաղ աշխարհով սիրենաները միացել են։ Երևան քաղաքում ուղևորափոխադրումը պետք է իրականացնի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, Մետրոպոլիտենը։ Բոլոր մնացած տրանսպորտը լինի մասնավոր միկրոավտոբուսներ, լինեն այլ մարզային միկրոավտոբուսներ, ավտոբուսներ նույնիսկ, իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ կայանելու և մարդ տեղափոխելու:
Երբ մենք ասում ենք, որ քաղաքի ծանրաբեռնվածության խնդիրը գնալով սրվում է, դա այո, նաև սրվում է այս պատճառով։ Մեր լուծումները հենց դրա համար են, մենք ուզում ենք էֆեկտիվորեն կազմակերպել մարզերից տեղափոխումը Երևանի և Երևանի ներսով, բայց չենք ուզում ծանրաբեռնենք հավելյալ տաքսիների քանակով։ Այդ տաքսիների քանակը որևէ մեկը երբևէ բարձրաձայնե՞լ է։ Պիկ ժամին մոտավորապես Երևան քաղաքում երկու միլիոնից ավել մարդ է լինում, եկեք այս ճշմարտությունները բարձրաձայնենք, որ սկսենք լուծել, որովհետև այդպես այսպես սիրուն փաթեթավորելով չենք կարողանալու լուծել, պետք է ասել այն, ինչ ունենք»։











