2023 թվականից այս կողմ չի եղել մի այդպիսի տարի, որ Տիգրան Ավինյանը չանի շրջայցեր վարչական շրջաններ, գնացեք ուսումնասիրեք և կտեսնեք, որ ավելի մեծ ինտենսիվությամբ շրջայցեր չեն ավելացել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետը վերջին շրջանում շրջայցեր է իրականացնում Երևանի տարբեր հատվածներ, գուցե արդեն պատրաստվում է քաղաքապետի նոր ընտրություններին։
«Այդ նարատիվը, որ փորձում եք զարգացնել, չգիտեմ՝ միտումնավոր թե ոչ, մի արեք դա, որովհետև դա լավ բան չի։ Ընտրությունների պատրաստվում են բոլոր քաղաքական ուժերը անցած ընտրությունների հաջորդ օրվանից։ Ընդհանրապես ժողովրդավար հասարակությունում շատ նորմալ է ու հակառակը աննորմալ կլինի, որ որևէ քաղաքական ուժ, ընտրությունները իր մտապատկերում կամ հորիզոնի վրա չտեսնի։ Այդպիսի բան չկա, որ մինչև այս չէր պատրաստվում, հիմա պատրաստվում է կամ շրջայից չէր անում, հիմա անում է»,–ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ավինյանը ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանին իր մամուլի քարտուղար է նշանակել, որ նր օգնությամբ բարձրացնի իր ընկած վարկանիշը, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Ես կարծում եմ, որ տիկին Ազարյանի նշանակումը պայմանավորված է եղել նրանով, որ պարոն Ավինյանը համոզմունք է ունեցել և համոզմունք ունի, որ տիկին Ազարյանը կլինի լավ մամուլի խոսնակ։ Ես ամեն դեպքում իրեն հաջողություն եմ մաղթում իր գործունեության մեջ։
Բայց մի բան ասեմ, կոֆեի բաժակ նայելու այդ երևույթի մասին։ Դուք ասում եք՝ մամուլը ասում է՝ վարկանիշը նվազում է։ Որպեսզի կոնկրետ քաղաքական գործչի, կլինի պարոն Ավինյանը, կլինի մեկ այլ քաղաքական գործիչ, վարկանիշը հաշվեք, լուրջ աշխատանք է, որը մի օրում չի արվում, երկու օրում չի արվում։ Հարցումներ են իրականացվում, վերլուծություն է իրականացվում։ Ես վստահ եմ, որ այդքան գումար, այդքան ժամանակ, այդքան ռեսուրս, որևէ մեկը չի ծախսել, որ կարողանա պատասխանատու ասել, հետևաբար կարող եք ասել՝ մեծ թվում է, մենք ուզում ենք, որ Տիգրան Ավինյանի վարկանիշը նվազի կամ չնվազի»։











