Այս կամ այն ընկերությունների ստուգումները չեն իրականացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նման հավաստիացմամբ է հանդես եկել Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա վստահեցրել է, որ գերատեսչությունը սահմանափակված չէ այս կամ այն ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու հարցում, և այդ գործընթացները կապված չեն քաղաքական նպատակահարմարության հետ։ «Մենք մեր գործողություններն իրականացնում ենք անկախ որևէ իրավիճակից», — ընդգծել է պաշտոնյան։
Հակոբյանը հայտնել է, որ Նարեկ Նալբանդյանի հետ կապված բիզնեսներում ստուգումներ իրականացվում են պարբերաբար։ «Եթե ռիսկեր ենք տեսել, այդ ստուգումները միշտ էլ իրականացվել են՝ և՛ նախորդ տարիներին, և՛ այս տարի, ու արձանագրվել են խախտումներ։ Վերջին անգամ նման ստուգում իրականացվել է 2026 թվականի առաջին կիսամյակում։ «Արարատցեմենտում» (որը նախկինում պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին – խմբ․) նույնպես նախկինում ստուգումներ անցկացվել են, և հայտնաբերվել են խախտումներ», — հավելել է նա։
Էդուարդ Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության մեջ «ստվերը» կազմում է 20%, ինչը կրկնակի քիչ է, քան 10 տարի առաջ։











