Վաղը՝ Երևանի պետական համալսարանի կանոնադրության խախտմամբ, տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ, որոնց միակ թեկնածուն բուհի գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն է։ «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է «Հայաքվե» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը։

Նա հավելել է, որ հինգ տարի առաջ Կառավարությունը բուհի կանոնադրության մեջ այնպիսի փոփոխություն է կատարել, ըստ որի՝ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար բավարար է գիտությունների թեկնածու լինելը, մինչդեռ նախկինում հավակնորդից պահանջվում էր լինել գիտությունների դոկտոր և պրոֆեսոր։ Սողոմոնյանի նկատառմամբ՝ քանի որ պահանջները մեղմացվել են, թեկնածությունն առաջադրել ցանկացողները պետք է որ շատ լինեին, սակայն նրանք չկան։

Որպես պատճառ նա նշել է այն, որ մարդիկ ամեն ինչ անում են, որ դեկտեմբերի երկրորդ կեսին նախատեսված ընտրությունները մրցակցային չլինեն։

«Գործող ռեկտորի լիազորությունների ավարտից չորս ամիս առաջ մրցույթ է հայտարարվում, ընդ որում՝ հայտարարվում է օգոստոսի 14-ին՝ արձակուրդային շրջանում։ Միաժամանակ, փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում օգոստոսի 31-ը։ Նման պայմաններում ո՞վ կհասցնի հավաքել 14 անուն փաստաթուղթն ու պատշաճ ներկայացնել իր թեկնածությունը։ Այդ փաստաթղթերի ցանկում է ամենակարևորը՝ բուհի զարգացման ծրագիրը, որը պետք է քննարկման դրվի Հոգաբարձուների խորհրդում։ Արձակուրդների ընթացքում ո՞վ կարող է հասցնել նորմալ ծրագիր կազմել»,— ընդգծել է քաղաքական գործիչը։

Նա վստահություն է հայտնել, որ ռեկտորը, բնականաբար, նախապես իմացել է, որ Հոգաբարձուների խորհուրդը մրցույթ է հայտարարելու, և հնարավոր մրցակիցների համեմատ անհամաչափ առավելություն է ստացել։

«Բացի այն, որ քաղաքական իրավիճակից ելնելով՝ իշխանության թեկնածուն շարունակում է մնալ Հովհաննիսյանը, որոշել են անգամ հարցի ձևական կողմը չպահպանել»,— ավելացրել է Սողոմոնյանը։

«Հայաքվեի» ներկայացուցիչը հայտնել է, որ օգոստոսի 13-ին Հոգաբարձուների խորհրդի մակարդակով ընդունվել է բուհի ռեկտորի ընտրության նոր կարգի մասին փաստաթուղթ, որը չի հրապարակվել կայքում, որպեսզի հնարավոր թեկնածուն չիմանա այդ մասին։ «Այսինքն՝ իրենք իրենց համար են ընդունել այդ փաստաթուղթը։ Նախկին ընթացակարգով ենթադրվում էր, որ ընտրություններն անցկացվում են այն ժամանակ, երբ պաշտոնը թափուր է դառնում։ Արդյո՞ք պաշտոնը թափուր է համարվում գործող ռեկտորի լիազորությունների ավարտից չորս ամիս առաջ։ Եթե այո, ապա ինչո՞ւ, օրինակ, լիազորությունների ավարտից մեկ տարի առաջ չի եղել»,— պարզաբանել է Մենուա Սողոմոնյանը։

Նա ընդգծել է, որ ամեն ինչ հարմարեցվում է գործող ռեկտորին՝ քաղաքական վերին մակարդակում տեղի ունեցողը պրոյեկտելով ԵՊՀ-ի վրա։ Ընդդիմադիր գործիչը սա լուրջ հարված է անվանել բուհի հեղինակությանը՝ հավելելով, որ գործող իշխանությունները զավթել են ԵՊՀ-ն ու փորձում են այն վերահսկողության տակ պահել՝ ճնշելով ցանկացած ազատական դրսևորում, որպեսզի չկրկնվի 2024 թվականի պատկերը, երբ դասախոսներն ու ուսանողները միացան «Սրբազան պայքարին»։

Ընդդիմադիր գործիչը սա անվանել է այլախոհներից ոմանց պատժելու, իսկ մյուսներին ահաբեկելու մարտավարություն։ «Անվստահության և անարդարության մթնոլորտ է ձևավորվում մի բուհում, որն իր ազատականությամբ աչքի է ընկել նույնիսկ խորհրդային շրջանում։ Ես բուհի քայքայման ռիսկեր եմ տեսնում»,— նշել է Սողոմոնյանը։ Նրա կարծիքով՝ իշխանությունները նպատակադրված վարկաբեկում են ԵՊՀ-ն, որպեսզի ապագայում այն հեշտությամբ քանդեն։