Լոռու մարզի Սվերդլով գյուղի բնակիչ Հասմիկ Այվազյանը, որը միայնակ մայր է, ունի 9 ամսական երեխա, սեպտեմբերից անապահովության նպաստ չի ստանալու:

Նա NEWS.am-ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել՝ հույս ունենալով, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը կվերանայի որոշումը:

«Ես հաշմանդանության կարգ ունեմ և ստանում եմ 47.500 դրամ հաշմանդամության թոշակ, բացի այդ ստանում եմ 31.600 դրամ երեխայիս կաթի գումար, որը մինչև 2 տարեկան են տրամադրելու, բայց դա կաթին չի էլ բավարարում:

Քանի որ ծանր պայմաններում ենք ապրում, ստանում էի նաև 20.000 դրամ անապահովության նպաստ, որը երեխայիս ծնվելուց հետո մինչև այս տարվա մայիս ամիսը դարձել էր 26.500 դրամ, իսկ հաջորդ ամիսներին 1000 դրամով պակասել էր՝ 25.500 դրամ: Մի քանի օր առաջ նպաստի համար օնլայն դիմումը մուտքագրել ենք ու մերժում ենք ստացել: Սեպտեմբերից անապահովության նպաստն ամբողջությամբ կտրել են՝ մեզ համարելով միջին ապահով, այն դեպքում, երբ մենք ծանր պայմաններում ենք ապրում, սեփականություն էլ չունենք, ուրիշի տանն ենք մնում:

Այսինքն, իմ հաշմանդամության թոշակն ու երեխայի կաթի գումարը, որը չի էլ բավականացնում կաթին, միասին վերցրած այնքան շատ են համարել, որ մեզ միջին ապահով են որակել ու անապահովության նպաստը կտրել են:

Դիմացը ձմեռ է, չունենք վառելափայտ, կոմունալները վճարելու հնարավորություն…»:

Քաղաքացին NEWS.am-ին տրամադրել է նաև իր դիմումը մերժելու պատասխանը, որտեղ նշված է դրա հիմքը. «Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անաօահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից»:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 098720570