ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն անհեթեթ է համարում այն ենթադրությունը, թե ինքը կարող է առնչություն ունենալ ապօրինի ծառահատումների հետ։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց ելույթին և դրանից հետո շրջանառվող լուրերին։
Ղալումյանի խոսքով՝ Տավուշում ապօրինի ծառահատումներ միշտ էլ եղել են, բայց հիմա ծավալները կտրուկ նվազել են։ Նա վստահություն է հայտնել, որ էկոպարեկային ծառայության շնորհիվ դրանք հասցվելու են նվազագույնի։ Հարցին, թե արդյոք ինքն անցնում է ծառահատումների գործով, պատգամավորը զարմանքով է արձագանքել. «Ապօրինի ծառահատման հետ ես որևէ կապ ունենալ չեմ կարող»։ Նա հավելել է, որ այդ գործընթացների հետ որևէ առնչություն չի կարող ունենալ նաև իր եղբայրը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Վահե Ղալումյանը վստահեցրել է, որ իրավապահներից որևէ ծանուցում կամ հարցաքննության հրավեր չի ստացել։ «Եղբորս մասին ինքներդ հարցրեք. որքանով տեղյակ եմ՝ նրան նույնպես չեն հարցաքննել և չեն հրավիրել», — հայտարարել է Վահե Ղալումյանը։











