Սամվել Կարապետյանի այդ խոսքը, եթե չասեմ վերափոխված, ապա ՔՊ-ի կողմից մանիպուլացվող բնույթով է ներկայացվել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով հարցին՝ դուք ձեզ կզգա՞ք անտեր պետության քաղաքացի, եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն էր հայտարարել, որ եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից, մեր երկիրն անտեր կմնա։

«Նախ, պետք է հասկանանք, որ ՔՊ–ի այսօրվա արտաքին քաղաքականությունը չունի հեռատեսություն, պարզապես այս օրով, այս պահին բոլոր հնարավոր կապերը խզել է։ Ճիշտ է, շատ հարցեր կան, խնդրահարույց հանգամանքներ կան, ես խոսում եմ 2022–ին Ջերմուկի դեպքերի մասին, բայց քաղաքականությունը հանրային խոսքում վիրավորանքի և հարձակվողական մասին չի, կա կուլիսային պայմանավորվածություն, կան խոսակցություններ, որոնք տեսանելի չեն սովորական հանրությանը: Սա չեն անում, փոխարենը միանգամից գնում  են կոնֆրոնտացիայի։ Սրա նպատակն է այսօրվա քաղաքական դաշտում մեկուսացնել մեր հնարավոր լավ թե վատ դաշնակիցերին կամ բարեկամ երկրներին, վաղը խնդիր ստեղծել Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանության համար։ Սա ես անընդունելի եմ համարում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ 2022–ին մենք տեսանք, որ ՌԴ–ն ու ՀԱՊԿ–ը չպաշտպանեցին Հայաստանը, որտեղի՞ց երաշխիք, որ նման իրավիճակի դեպքում ռուսական ռզմաբազան էլ անգործության չի մատնվի, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Երաշխիքներ պետք է ստեղծեն այսօրվա իշխանությունները, որովհետև լծակները և գործառույթները իրենց ձեռքում են։ Երաշխիքներ կարող են լինել, կարող են չլինել, բայց գնալ բացարձակ միանշանակ հարաբերությունների լարման՝ առանց ապագայի ելակետի, անընդունելի է»։