Երբ քննարկվում էր ՀԱՊԿ-ը, Բելառուսը, ՔՊ խմբակցության կողմից հնչեցին բավականին կոշտ գնահատականներ. մենք էլ ենք ընդգծում, որ հարցադրումներ ունենք, կարող ենք ավելի կտրուկ էլ գնահատականներ տանք, բայց դիսոնանս է առաջանում, այդ թվում մեր հայրենակիցների մոտ, որ դուք այդքան էմոցիոնալ, խիստ արձագանքում եք ՀԱՊԿ-ի, Բելառուսի վերաբերյալ հարցերին, բայց նույն կերպ չեք արձագանքում Ադրբեջանին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ԱԺ–ում հայտարարեց «Ուժեղ Հայաստանից» փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
«Դուք որևէ կերպ գնահատական չեք տալիս 30 տարուց ավել փաստացի բռնապետական իշխանություն հանդիսացող երկրի գործողություններին, մարդասիրական հանցանքներին Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ վերաբերմունքին։ Այն վերաբերմունքին, որը փաստական տվյալներով հրապարակվել է, անմարդկային վերաբերմունքի խոշտանգման դեպքերին։
Օրինակ, նույն էմոցիայով, որևէ կերպ նույնիսկ ոչ իրար մոտարկված, չարձագանքեցիք Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին։ Գնահատական տվեցիք, բայց էմոցիոնալ հարթությունները, ժողովրդի լեզվով ասած, սարեր ձորեր են։ Ընդհանրապես, արտաքին հարաբերություններում հավասարակշռված գնահատական տալը շատ ճիշտ է։
Բայց ո՞րն է այդ կետը, որտեղից այդ տարբերակումը սկսում է, որ Ադրբեջանի դեպքում որևէ մի իրավիճակում դա չի լինում։ Այն, որ խաղաղության օրակարգը առաջնային է, իհարկե, բա այդ նույն զայրույթը ինչի՞ չի առաջանում, երբ, օրինակ, մեզ ասում են՝ ձեր անկախության հռչակագիրը պետք է փոխեք։ Ո՞նց կարան ասեն, բայց այդ էմոցիան չկա»,–ասաց նա։











