Եթե ՌԴ-ն ուզում է հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից, պիտի հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել, դա քննարկման հարց է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրգրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե ՌԴ-ն ռուսական ռազմաբազան դուրս հանելու վերաբերյալ դիմում չի ստացել Հայաստանից:

Հարցին՝ Հայաստանը պատրաստվո՞ւմ է դիմել պաշտոնական Մոսկվային 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցով, նա պատասխանեց. «Ինչքանով ես եմ տեղյակ, Հայաստանի Հանրապետությունն էլ, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը և խորհրդարանն էլ նման դիմում, տեղեկանք կամ հաղորդում չեն ստացել ՌԴ-ից, որ ՌԴ-ն պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան:

Եթե ցանկանում են դուրս բերել ռազմաբազան, կարելի է քննարկել: Մենք էլ չենք ստացել իրենցից նման դիմում: Չգիտեմ էլ՝ նրանք առաջիկայում կդիմե՞ն, թե՞ չէ:

Հարցը հետևյալն է, եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել ռազմաբազան, դա քննարկման հարց է»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ իրականում ռազմաբազան պահելը թանկ է նստում ՀՀ-ի համար, բայց միևնույն է, այդ հարցը քննարկման հարց է:

Ճշտող հարցին՝ եթե ռուսական ռազմաբազան Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն չէ, ինչո՞ւ է Հայաստանը պահում այդ բազան, միաժամանակ նշվում է, որ բավական «թանկ է նստում» այդ բազան պահելը, Վահագն Ալեքսանյանն կրկնեց իր միտքը. «Եթե Ռուսաստանը հանելու ցանկություն կունենա, մենք կքննարկենք այդ հարցը, եթե մնալու ցանկություն կունենա, մենք դա էլ կքննարկենք։ Այո, համաձայն եմ, որ բավական թանկ է նստում այդ ռազմաբազան պահելը։ Այս հարցերը ևս քննարկման ենթակա են»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել։