Մենք այս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, ունենք նվազում, կարող եմ ասել, որ դա անսպասելի չէ մի քանի պատճառներով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե այս տարվա սկզբից մինչև հիմա ինչքան է աճել Հայաստանի գյուղատնտեսությունը։
«Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ գյուղատնտեսություն ասելով մենք այլևս պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսությունը, որովհետեւ այն ձևերը, որոնք լայնորեն կիրառվում են այսօր, դրանք այլևս գյուղատնտեսություն չեն, դրանք երբեք չեն աճելու, դրանք աճելու ուղղությամբ ջանքեր գործադրելը նշանակում է Հայաստանը դատապարտել չզարգացող ճանապարհով զարգանալու փորձերի։ Մենք պետք է զարգացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը, մյուս կողմից դիվերսիֆիկացնենք գյուղատնտեսության արտահանման շուկաները։ Ցանկացած ոլորտում, եթե մեր կախվածությունը որևէ կետից անհամաչափ է, նշանակում է՝ մենք չունենք կռավարում մեր ոլորտների զարգացումը ապահովելու և կազմակերպելու»,–ասաց նա։
Նարեկ Կարապետյանը նկատեց, որ գրեթե մեկ մլն մրդ Հայաստանում ապրում է գյուղերում. «Քանի՞ տոկոս անկում է գրանցել գյուղատնտեսությունը ձեր կառավարման օրոք այս տարի»։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր կառավարման օրոք այս տարի» արտահայտությունը կոռեկտ չէ, որովհետեւ վիճակագրությունն ունի մեթոդաբանություն, տարին դեռ չի ավարտվել, երկրորդը, գյուղոլորտում մենք անում ենք բազմաթիվ ծրագրեր։ 2018–ից ի վեր մենք 100 միլիոնավոր դոլարների աջակցություն ենց ցուցաբերել գյուղացիներին, շարունակում ենք ցույց տալ։ Առանձին վերցրած ծառ կարող ենք տեսնել, որի վրա պտուղ չկա, բայց ընդհանրապես ձեր հարցի պատասխանն ենք ուզում ստանալ, պետք է հղում անենք այն տվյալներին, որոնց մասին ասում էր պարոն Թորոսյանը, և մենք համոզված ենք, որ մեր ռազմավարությունները հենց այն ճիշտ բանաձևն են, որոնք լուծելու են խնդիրները և գյուղերում, և քաղաքներում, և մնացած մյուս տեղերում»,–ասաց նա։











