Ձեր իշխանության ողջ ընթացքում ձևավորվել է մի հստակ ու շատ վտանգավոր օրինաչափություն, պոպուլիստական աղմուկ, հերթական միակողմանի զիջում, ապատեղեկատվական լռություն և մոռացության մատնում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգայնը։

«Սկզբում ձևացնում ենք անզիջում պայքար, ամբիոններից գոռում եք՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որին հաջորդում է կապիտուլյացիոն զիջում։ Հետո պետական քարոզչամեքենայով թեման լռեցնելու և ջնջելու փորձեր են արվում։ Նույն տխրահռչակ սխեմայով դուք նախ ադրբեջանական տեղանուններով լեգիտիմացրեցիք Տավուշի տարածքները, այնուհետև նույն տրամաբանությամբ Հայաստանի ինքնիշխան տարածք հանդիսացող Տիգրանաշենը սկսեցիք կոչել Քյարքի՝ հող նախապատրաստելով հերթական կորստի համար։ Հարցս շատ կոնկրետ է. աղմուկ, զիջում, մոռացություն այս շղթայում Հայաստանի Հանրապետության ո՞ր բնակավայրն եք պատրաստվում հանձնել»,–ասաց նա։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանական տեղանունների օգտագործմամբ ես լեգիտիմացրել եմ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը և հայաստանյան բնակավայրերը։ Այլ բան, որ դա հասկանալու համար որոշակի հմտություններ են անհրաժեշտ, և նրանք, ովքեր դա չեն հասկանում, ըստ ամենայնի, ունեն այդ հմտությունների պակասը։

Ճիշտ է, դուք կառավարության ծրագրի քննարկման ընթացքում դուրս եկաք դահլիճից, ինչ-որ մի պահի, բայց երբ ես անդրադառնում էի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը, մոտավորապես 10 րոպե կամ գուցե ավել, դուք դահլիճում էիք և լսում էիք։ Հասկանալու խնդիր կա։

Դուք հիմա տալիս եք հարց, որը ինչ-որ մեկը ձեր տեղը նստած հինգ տարի տվել է, էլ ձեր տեղը նստած չի, հիմա եկել եք այդ տեղը նստել, էլի նույն հարցերը տալիս եք։ Քանի որ ես այդ հարցերին տասնյակ անգամներ պատասխանել եմ, կարող եմ խորհուրդ տալ գնա (03:00) 2021 թվից բոլոր հարցուպատասխանները YouTube-ում կա, լսել, տեսնել որ հարցը չեն տվել, գոնե այդ հարցերը տվեք։

Ես ասել եմ և ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չի եղել և ենթակա չի կարող լինել։ Ես ադրբեջանական տեղանուններ օգտագործելով բարձրացրել եմ Հայաստանի Հանրապետության տարածքի, միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության, անվտանգության ինքնիշխանության մակարդակը»։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ եթե հինգ տարի շարունակ այդ հարցը հնչեցնում են, նշանակում է՝ այդ հարցին չեք պատասխանում, կամ ձեր կատարած քայլերը չեն բխում Հայաստանի Հանրապետության շահից, հայ ժողովրդի շահից. «Որտե՞ղ է ավարտվելու ձեր զիջողականությունը, կա՞ մի բան, որ Ադրբեջանը առաջարկելու է ու դուք հստակ ու աներկբա ասելու եք՝ ոչ։ Հստակ ասեք Հայաստանի պետական շահի այն կարմիր գիծը, որի դեպքում Ադրբեջանը ձեզ առաջարկելու է ու դուք հստակ ասելու եք՝ ոչ»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Նախ, ես հիշեցի, որ դուք այն պատգամավորն եք, որ այն նիստում ասել էիք «պարոն վարչապետ», տարել են, ձեզ անկյուն են կանգնացրել, հիմա հարցը տալիս եք նրա համար, որ մի անգամ չտաք, հետո էլ ասեք՝ պարոն Փաշինյան։ Ես չեմ նեղվում, բացարձակապես, կարևորը ձեզ անկյուն չկանգնեցրին։ Երիտասարդ պատգամավոր եք, այդպես հոգատար վերաբերմունք ունեմ ձեր նկատմամբ, այնպես որ մի նեղվեք։ Երկրորդը, ոչ միայն Ադրբեջանը, այլև ձեր քաղաքական հովանավորները, երբ որ ասում էին, որ Հայաստանի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ և ոչ միայն ասել ենք, այլև ասել ենք այդ «ոչ»–ին։ Այլ բան, որ մենք չենք գալիս դրա մասին տարփողում տարբեր ամբիոններից»։