Իրանը կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։

«Թուրքիան մեր կարևոր հարևանն է, և այդ երկրի հետ մենք ունենք նույնպիսի պատմական կապեր, ինչպիսին՝ Հայաստանի հետ։ Մենք Թուրքիայի հետ արդեն մոտ 500 տարի միմյանց դեմ չենք պատերազմել և չենք հակամարտել։ Մենք ունենք կարևոր տնտեսական կապեր, մարդկանց միջև շփումներն ակտիվորեն զարգանում են, բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները նույնպես զարգանում են դրական հունով։

Հաշվի առնելով, որ մենք լավ հարաբերություններ ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի հետ, կարող ենք դրական դեր խաղալ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման հարցում՝ իհարկե հիմք ընդունելով Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը, որպեսզի երկրների միջև ձևավորվեն հավասար իրավունքների վրա հիմնված հարաբերություններ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա, և ապահովվեն երկու երկրների տնտեսական շահերը»,- նշել է դեսպանը։

Շիրգոլամին հավելել է, որ TRIPP-ի հարցով հիմնական քննարկումները տարվում են Հայաստանի կառավարության հետ, քանի որ Հայաստանը Իրանի համար բարեկամ երկիր է, որի հետ Թեհրանը մշտապես կապի մեջ է, ինչպես նաև այն պատճառով, որ այդ նախագիծը կիրականացվի Հայաստանի տարածքում։

«Իհարկե, մենք լսում ենք նաև այլ երկրների, հատկապես Թուրքիայի կարծիքը։ Սակայն այս հարցում մեր հիմնական զրուցակիցը Հայաստանն է։ Եթե ապաշրջափակումը լինի համապարփակ և բազմակողմ, որպեսզի Հայաստանը կապ ունենա Պարսից ծոցի հետ, իսկ Իրանը՝ Սև ծովի, ապա դա օգուտ կբերի բոլոր երկրներին»,- հայտարարել է դիվանագետը։