Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախյան պատերազմներում զոհվածների ծնողների և հարազատների նախաձեռնությամբ, կազմակերպվում է սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և ի խոնարհումն մեր նահատակների։ Միասնական լուռ երթը հարգանքի տուրք է Արցախի ազգային-ազատագրական պայքարի բոլոր տարիներին՝ 1988–2023 թթ., իրենց կյանքը Հայրենիքի անվտանգությանն ու պաշտպանությանը նվիրաբերած հայորդիներին։
«Հիշատակելու ենք նաև անհայտ կորածներին, Բաքվում պահվող մեր հայրենակիցներին, պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով զոհված խաղաղ բնակիչներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի զոհերին»,– ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։











