«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Ադրբեջանին որպես խաղաղասեր, իսկ Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու քաղաքականություն վարելու մեջ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս Հայաստանը պատկերել որպես ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ որպես խաղաղասեր կողմ։ Որպես դրա հիմնավորում՝ պատգամավորը վկայակոչել է հայկական իշխանությունների այն հայտարարությունները, թե Արցախը երբեք հայկական չի եղել։
Սաղաթելյանն այս հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային բռնագաղթի երրորդ տարելիցի նախօրեին։ Նա նաև քննադատել է Փաշինյանին Վիսբադենում Հեսսենյան խաղաղության մրցանակի հանձնման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար։
Սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Փաշինյանին հանձնվել է Հեսսենյան խաղաղության մրցանակը։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել Ալիևին և հայտարարել, որ Ադրբեջանի նախագահը «հավասարապես արժանի է այս մրցանակին»՝ հավելելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։
«Նիկոլ Փաշինյանը ստանում է խաղաղության մրցանակ և, ստանալով այդ մրցանակը, հայտարարում է, թե շնորհակալ է Ալիևին ու այն հավասարապես կիսում է նրա հետ», — նշել է Սաղաթելյանը։
Պատգամավորը հարցադրում է արել, թե հատկապես ինչի համար է Փաշինյանը շնորհակալություն հայտնում Ալիևին․ «150 հազար արցախահայությանը անտուն, գերեզմանազուրկ և հայրենազուրկ անելո՞ւ, թե՞ հազարավոր զոհերի համար»։
Ընդ որում, Սաղաթելյանն առանցքային սպառնալիքը տեսնում է ոչ միայն Ալիևի վերաբերյալ Փաշինյանի խոսքերում, այլև Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի պաշտոնական հռետորաբանության փոփոխության մեջ։
«Երբ հրաժարվում ենք մեր բոլոր իրավունքներից, ասում ենք, թե Արցախը հայկական չի եղել, և Հայաստանում պետական մակարդակով շարունակվում է Ադրբեջանի բազմամյա հռետորաբանությունը, ստացվում է, որ եթե Արցախն այդքան ոչինչ չէր նշանակում, ապա ի՞նչ էինք անում մենք այնտեղ», — հռետորական հարց է բարձրացրել պատգամավորը։
Սաղաթելյանի խոսքով՝ Արցախի հայկական պատկանելության պնդումից և դրա հայ բնակչության իրավունքների հետ կապված պահանջներից հրաժարումը փաստացի փոխում է հակամարտության կողմերի ընկալումը․ Ադրբեջանը հայտնվում է խաղաղասերի, իսկ հայերը՝ ագրեսորի դերում։
«Երբ հրաժարվում ես քո իրավունքներից, ագրեսորին ու իրական միջազգային հանցագործին դարձնում ես խաղաղասեր, իսկ մեր ժողովրդին՝ ագրեսոր, սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — ընդգծել է նա։
Պատգամավորը հայտարարել է, որ նման քաղաքականությունը կարող է պարարտ հող նախապատրաստել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր պահանջների համար։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Արցախի հայության իրավունքների, ռազմագերիների հարցի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և արցախահայերի անվտանգ ու հավաքական վերադարձի հնարավորության քննարկումը որևէ սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի համար։
«Ովքեր խոսում են այս խնդիրներից, սպառնալիք չեն․ մեր իրավունքների մասին խոսելը, ռազմագերիների, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը բարձրացնելը, Արցախի հայկական լինելու և արցախցիների՝ անվտանգ ու հավաքական վերադարձի իրավունքի մասին խոսելը բխում են Հայաստանի անվտանգային շահերից», — ասել է Սաղաթելյանը։
Պատգամավորը Հայաստանի գործող իշխանությանն անվանել է «դրածո»՝ մեղադրելով նրան հակառակորդի շահերին ծառայելու մեջ։











