Զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ սեպտեմբերի 21–ի վաղ առավոտյան արդեն Եռաբլուր պանեթոնում էին։

44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ մտավախություններ ունեիք, որ իշխանության ներկայացուցիչները հնարավոր է գան Եռաբլուր և իրենք եկել էին, որ թույլ չտային նրանց մոտենալ իրենց ահարազատների շիրիմներին։

«Իրականում մտավախություն, կասկած կար. հաստատ համոզված չենք՝ կգա, թե չի գա, քանի որ ինքը փորձում է ջնջել Եռաբլուրի պատմությունը։ Մտածում ենք, որ դժվար գա, բայց ամեն դեպքում էն մի տոկոս կասկածը կա։

«Եռաբլուրում» անկախության համար զոհված տղաներն են ու մենք մեր ավանդույթի համաձայն լուսաբացը Եռաբլուրում ենք դիմավորում։ Շատ ավելի լավ, որ չի գա, որովհետև իր մեղքի բաժինն է, որ Եռաբլուրը մեծացել է։ Հույս ունենանք, որ չի գա, երևի էլ չի գա»,–ասաց նա։

Նա հավելեց, որ 2020–ի 44-օրյա պատերազմից հետո և տոնական օրերը, և սգո օրերը Եռաբլուրում են անցկացնում. «Մենք մեզ վերագտնում ենք հենց այստեղ։ Իրականում Եռաբլուրի լուսաբացը շատ-շատ եմ սիրում, եղել են շատ-շատ դեպքեր, երբ առավոտյան 6-7–ին եկել եմ Եռաբլուր։ Մի տեսակ խաղաղություն եմ գտնում ես այստեղ։ Եռաբլուրը լրիվ ուրիշ քաղաք է, որտեղ կտրվում ես ամեն տեսակ հոգսերից, կենտրոնանում ես Եռաբլուրի տղաներով, նայում յուրաքանչյուրի աչքերի մեջ։ Այստեղ խաղաղություն է, որ որ ուրիշ ոչ մի տեղ չեմ գտնում։ ԵՎ շատ-շատ եմ սիրում մենակ գալ, որպեսզի այդ խաղաղությունը վերագտնեմ։ Զրուցում եմ, իմ զգացողություններին ազատություն եմ տալիս, երբ մենակ եմ լինում, իսկ երբ ինձ հետ անգամ իմ ընտանիքի անդամներից որևիցե մեկն է լինում, ես զսպում եմ ինձ»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով նրան, որ Անկախության թոնի առթիվ Հայաստանի տարբեր հատվածներում տոնախմբություններ են տեղի ունենում, Աստղ Գալեյանն ասաց. «Սովորական օրերին չեմ վիրավորվում բացարձակապես, որովհետև գիտակցում եմ, որ կյանքը շարունակվում է, բայց այն օրերին, որոնք մենք ունեցել ենք կորուստներ, որ հայ ժողովրդի համար եղել է շատ ցավալի վերջաբանով, այդ օրերին իմ կարծիքով անթույլատրելի է ուղղակի ոտնակոխ անել այդ ծնողների սուգը։ Գոնե այս օրերին կարելի է հարգել։ Դա սեպտեմբերի 13-ն է, սեպտեմբերի 19–ը, սեպտեմբերի 27–ը։ Արդեն մի քանի տարի անընդմեջ հենց այդ օրերին են կատարվում այդպիսի արարողությունները, համերգները։ Ես դեմ չեմ, թող անեն, բայց կան օրեր, որ կարելի է չանել այդ օրերին, ուղղակի հարգել»։

Զոհված զինծառայողի մայրը համոզմունք հայտնեց, որ դա պատահականություն չէ. «Սա սիմվոլիզմ է, որով փորձում է մարդկանց հիշողությունից հանել այդ իրադարձությունները, այդ հերոսական պատմությունները։ Սա նպատակային է արվում, որպեսզի ժողովրդի առանց այդ էլ ջնջված հիշողությունից ավելի ջնջել այդ իրադարձությունները։

Շատ ցավով եմ ասում, բայց այն առաջվա պայքարող հայ ժողովրդից մնացել է ընդամենը ժողովուրդ, որի համար որտեղ հաց, այնտեղ կաց։ Շատ ցավալի է»,–ասաց նա։