Ցավոք սրտի դեռ ձևավորում ենք անկախ պետություն. տա Աստված, վերջնականապես մենք ունենանք պետական սահմաններ և լիովին անկախ լինենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Երկրապահները, ազատամարտիկները, անհատները, մեր սերունդը փայլուն իր գործը արեց, բայց քաղաքական գործիչները պիտի տանին դեպի վերջնական հաղթանակի։
Այսօր վերջնականապես պետք է գնանք սահմանազատման։ Օրինակ, ես չգիտեմ, դուք կարո՞ղ եք գիտեք, կա՞ պետություն, որ առանց միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անկախ է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, որ Հայաստանի Հանրապետությունն ունի 29 743 քառակուսի կմ տարածք, Սասուն Միքայելյանն ասաց. «Դա պիտի ճանաչենք, հաստատվի։ Մենք հիմա ասում ենք արդեն 35 տարի անկախ ենք չէ՞, ունեցե՞լ ենք մենք պետական սահման։ Մենք եղել ենք վարձկալ ուրիշ պետության, ինչ թեռլադրել են այս տարիների ընթացքում՝ արել ենք։
Սահման ունե՞նք մենք պետական։ Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է սահմանազատում լինի։ Մենք պետք է կանգնենք այնքան, մինչև սահմանազատում լինի, կարողանանք պահել, սահմանազատման գնանք։ Մեր սահմանները միջազգային փաստաթղթերում ամրագրված է, բայց հաստատված չէ, մենք էսօր ուզում ենք գնանք վերջնական հաստատման»։
Հարցին՝ ինչո՞ւ Արցախի հայաթափման օրը իշխանությունների կողմից որևէ խոսք չհնչեց, ԵԿՄ նախագահն ասաց. «Եթե մենք մի հատ հեռվից գանք, թե Արցախը ինչի համար հայաթափվեց, դա մի հատ յեքա պատմություն է։ Եթե 90 հաղթանակներից հետո, 94 թվականից հետո, եթե գանք մենք դեպի այսօր Արցախի հայաթափում, պատկերացնենք՝ ովքեր են եղել այդ ճանապարհին, ովքեր են Արցախը հանձնել, ես մի օր դրան կանդրադառնամ»։











