Որքան շատ են Հայաստանի իշխանությունների զիջումները, այնքան ավելի մասշտաբային են տոնակատարությունները։ Կարծում եմ՝ Երևանի հանձնումը նրանք կնշեն աննախադեպ շուքով։ Սեպտեմբերի 23-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով Անկախության օրվա իմաստին՝ նա նկատել է, որ «անականխությունը» ենթադրում է, որ սեփական ճակատագիրը որոշում ես դու ինքդ․ սահմանադրությունը չես փոխում հարևան երկրի պահանջով, քեզ այնպես ես պահում, որ տարբեր երկրներ տարբեր հանրաքվեներ պարտադրող հայտարարություններ չանեն, մեր գերիները տարիներով չեն տանջվում այլ երկրների բանտերում։ Սա ենթադրում է, որ երկիրը ստեղծել ենք մեզ համար, այլ ոչ թե Ադրբեջանի։

«Տոները, հրավառությունները, անօդաչու սարքերը՝ այս ամենը լավ է, բայց արդյո՞ք մենք անկախ ենք։ Մի՞թե հայն է որոշել արտաքին օրակարգից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Մե՞նք ենք որոշել, որ Անկախության հռչակագիրը հղի է հակամարտությամբ, թե՞ մեզ դրսից են պարտադրում այդ ընկալումը։ Մե՞նք ենք որոշել, որ Տիգրանաշենը հայկական չէ, կամ որ Տավուշից պետք է հետ քաշել զորքերը։ Հայաստանում ամեն օր փառատոն կամ տոն է։ Մենք դեմ չենք տոներին ու ժպիտներին, բայց կան օրեր, որոնք հիշելը պատվի հարց է։ Դրանք օրեր են, երբ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ են զոհվել, որպեսզի դու կարողանաս փառատոններ անցկացնել։ Հարգե՛ք այդ մարդկանց հիշատակը։ Տարվա 365 օրերից պարտադիր չէ քեֆ անել հենց Արցախի հայաթափման օրը»,- ընդգծել է Վարդանյանը՝ նշելով, որ տոնակատարությունները չպետք է վերածվեն հակապետական ուրախության։

Պատգամավորն անդրադարձել է նաև կոռուպցիայի հարցին՝ հարցադրում անելով, թե ինչպես է ստացվել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար ԱԹՍ-ների շոուն կազմակերպվել է «կոպեկներով»՝ մի քանի անգամ էժան, քան Անկախության օրվա տոնակատարության ժամանակ։