Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 23–ին, ՔՊ–ական  պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկումը, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Արցախի  պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները:

Լրագրողները Աշխատանքի և բարեկեցության փոխնախարար  Լուսինե Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչու լքեցին քննարկումը, ինչին վերջինս պատասխանեց. «Ես այստեղ էի եկել կոնկրետ սոցիալական հարցադրումներին կոնկրետ պատասխաններ տալու համար, իսկ քննարկումը ավելի շատ քաղաքական էր։ Մենք խնդիրներին միշտ պատրաստ ենք պատասխանել և միշտ պատասխանում ենք, ավելին, մենք շատ ուղիղ կապի մեջ ենք մեր շահառուների հետ և տեղյակ ենք իրենց բոլոր խնդիրներին։ Ավելին, այդ շահառուների բարձրացրած խնդիրները անմիջապես արձագանք են ստանում, ինչպես դա եղավ սերտիֆիկատի գինը բարձրացնելու դեպքում»,–ասաց նա։

Ճշտող հարցին՝ գուցե ձեզ ինչ-որ SMS եկավ, օրինակ, կառավարությունից, կառավարության ղեկավարի ուղղորդմամբ, դրա համար լքեցիք, քննարկումը, փոխնախարարը բացասական պատասխան տվեց. «Բացարձակ, պարզապես քննարկումը այն ֆորմատով չէր, որը մենք ակնկալում էինք։ Ես անընդհատ խոսում եմ սոցիալական խնդիրներից, դու քաղաքական հարցեր եք առաջ բերում։

Մենք քննարկումներ շատ հաճախ ենք կազմակերպում, շահառուների հետ ուղիղ կապի մեջ ենք, ես ինքս բնակարան ձեռք բերած շահառուներին տեսել եմ, թե ինչ բնակարան են ձեռք բերում, ինչքան ուրախ են, որ իրենք են ընտրում այն վայրը, որտեղ պիտի ապրեն՝ լինի բազմաբնակարան շենքում, թե սեփական տուն լինի։ Այսինքն, մենք տվել ենք ազատություն այդ անձանց ընտրելու իրենց բնակավայրը»,–ասաց նա։