Այս մրցաշարը աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Քաջարան համայնքում, այլև մեր Սյունյաց աշխարհում. սա մեծ հնարավորություն է և նոր ճանաչելիություն է Քաջարան համայնքը միջազգային հարթակներում տեսնելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

«Այս մրցաշարը երեք տարի Սյունիքի մարզի մակարդակով էինք անում և երկու տարի՝ հանրապետական մասշտաբով։ Նույն տեղում մնալը սխալ է ու որոշեցինք ձևաչափը փոխել, դարձնել միջազգային, քանի որ մեր կարողությունները, մեր ռեսուրսները թույլ տվեցին դա անել։

Ես ինքս 10 տարի զբաղվել եմ ըմբշամարտով Քաջարանում, մարզիչս եղել է Մերուժան Աթայանը, որին շատ շնորհակալ և երախտապարտ ենք։ Ըմբշամարտը ճիշտ դաստիարակություն է տալիս երիտասարդներին, դա այն մարզաձևն է, որը տալիս է կարգապահություն, տալիս է հաղթելու կամք, ուժ և այլն։

Կարծում եմ՝ դեռ այսքանով մենք չենք ավարտում, մարզաշխարհի հայտնի մեր մարզիկների հետ քննարկեցինք, որ մեր հնարավորությունները թույլ են տալիս Հայաստանի Հանրապետության, անգամ Եվրոպայի առաջնություն անցկացնել Քաջարան քաղաքում։ Քաջարանն այդ պոտենցիալը ունի, մենք կարող ենք նաև բռնցքամարտի ու ծանրամարտի առաջնություններ էլ անցկացնել»,- ասաց նա։

Փարամազյանը հավելեց, որ Քաջարան են ժամանել 11 պետություններից մարզիկներ, ներկայացուցիչներ, նաև օլիմպիական չեմպիոններ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, ինչը ևս մոտիվացիա է տեղի երիտասարդների համար.

«Մեր երիտասարդները տեսնելով օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին, իրենց մոտ առաջանում է ձգտում դառնալու աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն։

Հենց Քաջարանում մենք ունենք աշխարհի, Եվրոպայի մրցանակակիրներ, և այս ամենը պետք է ավելի զարգացնել։ Մենք նույնիսկ ունենք դրսից հրավիրված մարզիչներ, որոնք այսօր Քաջարան համայնքում են ապրում և զբաղվում են մեր երեխաների հետ սպորտով»։

Նա նկատեց, որ իրենք այնպիսի բարձր մակարդակով են կազմակերպել մրցաշարը, որպեսզի այստեղ ժամանած հյուրերի մոտ ցանկություն առաջանա հաջորդ տարի կրկին գալ Քաջարան։

«Մեզ համար շատ սկզբունքային հարց է, որ աշխարհի սպորտային քարտեզում Քաջարանն ունենա իր ուրույն տեղը։

Բացի այդ, Քաջարանը գրավիչ է նաև տուրիզմի տեսանկյունից։ Մենք շատ գեղեցիկ, հետաքրքիր տեսարժան վայրեր ունենք, ունենք 7–րդ դարի եկեղեցի, ունենք Անդոկ իշխանի բերդը, ունենք Նժդեհի թաքստոցները, քարանձավները, Կապուտան, լճեր։ Իմիջիայլոց, մեր Կապուտջուղ լեռը բարձրությամբ Հայաստանի երկրորդ մեծ սարն է՝ 3905 մետր բարձրությամբ։

Քաջարանը այսօր հայտնի է ամբողջ աշխարհում, որպես հանքարդյունաբերության կենտրոն, բայց ի՞նչն է խանգարում, որ հանքարդյունաբերության կողքը լինի սպորտ, և ունենանք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ»,– ընդգծեց Փարամազյանը։