Գազի գնի հնարավոր փոփության վերաբերյալ ես տեղեկություն չունեմ, բայց մենք ասել ենք, որ մենք չորս սահմանակից երկիր ունենք, և եթե հինգերորդ երկիրն էլ տրանզիտով մեզ գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկն էլ կքննարկենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածության գա, որպեսզի գազի գինը չբարձրանա, ԱԽ քարտուղարն ասաց. «Դա նույնպես գին է, դա իր մեջ քաղաքական գին է ներառում, և այդ քաղաքական գինը, կարծում եմ՝ ակնհայտ է, վարչապետն էլ ասել է, որ մենք պատրաստ չենք և չենք լինելու այլևս կախված մեկ խողովակից, մեկ ասեղից, մեկ քմահաճույքից և մեկ ճնշման կոճակից։ Մենք անելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր տնտեսության ճյուղերում այդ դիվերսիֆիկացման գործընթացը»։
Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է Հայաստանին ճնշել՝ օգտագործելով այս գազի թեման, հարցին էլ արձագանքեց. «Պետք է հետագիծը նայենք. Հայաստանի Հանրապետությունը անկախ երկիր է, որն իր իշխանությունը ձևավորում է իր ժողովրդի ընտրության շնորհիվ, և Հայաստանը չունի կոնֆլիկտ, որը կօգտագործվի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պրոցեսներ գեներացնելու կամ քաղաքական պրոցեսները ցանկացած ուղղությամբ տանելու։ ՀՀ–ն իր սուվերենությունը պահպանելու է։ Ի դեպ Ռուսաստանի գործընկերներն էլ խոսելիս մշտապես ասում են, որ դա ձեր սուվերեն որոշման իրավունքն է։
Հայաստանի Հանրապետությունը իր շահերը չի զիջել և չի զիջելու, որովհետև ասեցի՝ դա նաև քաղաքական գին է, իսկՀայաստանի Հանրապետությունը իր քաղաքական ուղին ունի, իր որոշումը ունի»։
Ալեն ՍԻմոնյանը նաև հայտարարեց. «Հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու, հա՛մ ատոմակայանն ենք ուժեղացնելու, հա՛մ արևային համակարգն ենք ուժեղացնելու, հա՛մ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, Թուրքիայի հետ բացելու ենք սահմանը մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ, վերջնական խաղաղություն, տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում դեմարկացիան և դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու:
Ամեն ինչ շատ լավ է, որովհետև ՀՀ-ն այլևս խաղաղ է և ունի ժողովրդավար կառավարություն, նորմալ ընտրություններ»:











