Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հրամանով են պայքարում ազգային մտածողության դեմ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ «Հայ դատի» եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանի քաղաքականությունն էապես բարդացնում է «Հայ դատի» գործունեությունը։ Այն փորձում է պառակտել հայ սփյուռքը և Հայրենիքում բնակվող հայերին։

Ինչպես նշել է «Հայ դատի» եվրոպական գրասենյակի նախագահը, նման քաղաքականություն ժամանակին փորձել է իրականացնել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն ձախողվել է։

«Գոյություն ունի «Հանուն Արցախի» եվրոպական հարթակը։ Այժմ, երբ մեր երկիրը հրաժարվում է հնչեցնել «Արցախ» բառը, այդ գործառույթն իրենց վրա են վերցրել օտարերկրացիները։ Եվրոպացիներն իրենք են օգտագործում «Արցախ» տերմինը… Այդ մարդիկ պայքարում են Արցախի ժողովրդի համար»,- ասել է Կարապետյանը։