Երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Այն առողջացման կարիք ունի։ Այս մասին սեպտեմբերի 25-ին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կան գաղափարներ, որոնք ունեն մեծ համախմբող ներուժ։ Խոսքը, մասնավորապես, ներքին համերաշխության և ազատության գաղափարների մասին է։

«Պարադոքսալ իրավիճակ է․ մեր երկրում ներքին համերաշխության գաղափարը 2–3 տարի առաջ առաջինը ձևակերպել է պարոն Ծառուկյանը։ Այն շատ արագ մտավ հանրային դիսկուրս։ Մարդը, որը հետպատերազմյան պարտության վիճակում գտնվող երկրի հասարակության մեջ առաջինն առաջ քաշեց ներքին համերաշխության գաղափարը, այսօր գտնվում է կալանքի մեջ և իր օրինակով մարմնավորում է ազատության համար պայքարը»,- ասել է Հովհաննիսյանը։