Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարող որևէ մեկին թողնել անտարբեր, որովհետև հայրենիքը ոչ միայն սիրելու, փայփայելու համար է, նաև փոխանցելու համար է սերունդներին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամ Նաիրա Կարապետյանը։
«Այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, ուղղակի զարհուրելի է։ Երկար տարիներ աշխատելով միջազգային կառույցների հետ, նաև Հայաստանը ներկայացնելով Եվրոպայի երևիթե ամենամեծ խորհրդարանական միջազգային հարթակում՝ ԵԽԽՎ–ում, այն ինչ այսօր Հայաստանում կատարվում է, մենք տեսել ենք հարևան պետություններում, արձանագրել ենք այդ երկրներում ժողովրդավարության բացակայությունը և հպարտորեն միշտ համեմատականներ ենք անցկացրել Հայաստանի հետ, բնականաբար հօգուտ Հայաստանի։ Նույնը այսօր անել ցավոք չենք կարող։
Այն ինչ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ, ուղղակի ԲՀԿ–ի գողացված ձայները քողարկելու համար էր, որովհետև բարձրացնելով աղմուկ և հետապնդումները իրականացնելով, ուղղակի փորձ էին լռեցնելու հանրության մեջ և բոլորիս մոտ այն հարցը, թե ինչպես կեղծվեցին ընտրությունները և ուր կորան ԲՀԿ–ի գողացված ձայները։ Սա մի հնարք էր, մի մեթոդ էր, որպեսզի խլեցվի այդ հարցը, փոխարենը առաջ բերվի այն, ինչը հասարակության մի շրջանակ շատ է սիրում հետևել»,–ասաց նա։
Կարապետյանը նշեց, որ դեռ մեկ տարի առաջ, երբ սկսեցին ահագնանալ քաղաքական հալածանքները Հայաստանում, իրենք սկսել են վարել քաղաքական բանտարկյալների ցուցակ. «Ինչ-որ մի պահի դա դարձավ անհնար, որովհետև քանակը անցավ 100-ից, պատկերը սարսափելի էր։ Մենք տեսանք, որ չկա որևէ քաղաքական կառույց, քաղաքական շրջանակ, հասարակական քաղաքական գործունեություն ծավալող մի շերտ, որտեղից չլինեն ազատ խոսքի լռեցման փորձեր, որտեղից եղած չլինեն այս կամ այն ձևով մարդու ազատությունների սահմանափակման փորձեր։
Մենք հասել ենք այսօր մի հանգրվանի, երբ ուրախանում ենք, երբ այս կամ այն քաղաքական բանտարկյալին տալիս են տնային կալանք։ Սա զավեշտ է։ Ոչ մի բանի համար բանտարկված մարդուն տալիս են տնային կալանք, որը շատ քիչ բանով է տարբերվում բանտային կալանքից, և մենք ուրախանում ենք, սկսում ենք շնորհավորել»,–ասաց նա։











