Եթե Նիկոլ Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի փոխարեն երգի «Матушка земля» երգը, ինձ թվում է՝ ինքը նորմալ հետ կգա Ռուսաստանից։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Փաշինյան–Պուտին սպասվող հանդիպումից, արդյոք ՀՀ իշխանություններին կհաջողվի Ռուսաստանի հետ հարթել խնդիրները։

«Այդ հարցին ես ո՞նց կարող եմ պատասխանել, հիմա Ռուսաստանը ինչ-որ գործողություններ է անում։ Ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից, իր վարքագծից, ես չգիտեմ, իրենց հարաբերությունները ինքը կարող է գնահատել, երկրի մասով ես խորհուրդ տվեցի։

Ես լուրջ կասկածում եմ որ մենք հիմա գոնե ինքնիշխանության 10%-ի մասին կարող ենք խոսել։ Եթե ամեն օր դրսի թելադրանքով, Ալիևի թելադրանքով, Ալիևի աշխատողների թելադրանքով ինքը ամեն ինչ անում է, ինքնիշխանության մասին խոսելն ուղղակի ամոթ է»,–ասաց նա։

Հարցին՝ ո՞ր փուլում է իր՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, Կարապետյանը պատասխանեց. ««մենք պայմանավորվեցինք, որ զուգահեռ ենք անում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիությունից է հրաժարվում, ես հրաժարվում եմ այն երկու քաղաքացիությունից։ Չգիտենք՝ ինքը հրաժարվում է, թե ոչ, հեսա կտեսնենք, մի քիչ սպասենք»։