Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ը դարձավ նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի սկիզբը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։

Պատերազմի առաջին ժամերից կիրառվեցին ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։ Քառասունչորս օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։ Երեք անգամ փորձ է արվել դադարեցնել պատերազմը, սակայն ապարդյուն․ պայմանավորվածությունները չէին պահպանվում, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում էին գրոհները։

Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ էր վերցրել Արցախը՝ հասնելով մինչև Շուշի։ Միայն նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։

Պատերազմի հետևանքով ըստ Հայաստանի քննչական կոմիտեի՝ զոհվել է 3833 մարդ, որոնցից 3755-ը զինծառայողներ էին, 78-ը՝ քաղաքացիական անձինք։

44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչության բռնի տեղահանվեց ու հայկական Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։