«Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն, իր կարծիքով, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնազանդություն Ադրբեջանին և հույս ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարեհաճությանը։ Այս մասին նա լրագրողներին ասել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցին։

«Այս իշխանության վարքագիծը ծեծված և նվաստացված իշխանության վարքագիծ է, որը կարծում է, թե գլուխը խոնարհելով և իր գոյությունը շարունակելով՝ կարժանանա Ալիևի ողորմածությանը։ Ալիևն ու Ադրբեջանը ցույց են տալիս, որ դա այդպես չէ», — հայտարարել է Մանուկյանը։

Ըստ նրա, հայ ժողովուրդը 44-օրյա պատերազմին շատ ավելի լավ էր պատրաստված, քան երկրի քաղաքական ղեկավարությունը։ Մանուկյանը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում իշխանությունների գործողությունները հիմնականում կենտրոնացած էին քարոզչության և ինքնաներկայացման վրա։

«Մեր ժողովուրդը 44-օրյա պատերազմին շատ ավելի լավ էր պատրաստ, քան Հայաստանի քաղաքական իշխանությունը, որի ողջ գործունեության հիմքում քարոզչությունն էր, շոուն և ինքնագովազդը», — ասել է պատգամավորը։

Որպես օրինակ նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի առաջին ժամերին հրապարակել էր ռազմական տեխնիկայի տեղաշարժի տեսագրություններ։ Ըստ Մանուկյանի, այդ ընթացքում Պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին կոչ էր անում չնկարահանել տեխնիկայի տեղաշարժը և նման նյութեր չտարածել համացանցում։

Խոսելով պատերազմի ընթացքում թիկունքի կազմակերպման մասին՝ պատգամավորը կատարվածը բնութագրել է որպես «կազմակերպված անկազմակերպություն» և հայտարարել, որ, իր կարծիքով, որոշ գործընթացներ միտումնավոր էին կազմակերպվել։

Մանուկյանը նաև քննադատել է իրավապահ համակարգի աշխատանքը։ Ըստ նրա, թիկունքում կարգ ու կանոն ապահովելու փոխարեն իրավապահ մարմինները, մասնավորապես, զբաղվում էին ԶԼՄ-ներին հրապարակումների և սոցիալական ցանցերում գրառումների համար տուգանելով։

Պատգամավորը խոսել է նաև պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննչական հանձնաժողովի եզրակացությունների մասին։ Նա հայտարարել է, որ հրապարակված զեկույցը, իր կարծիքով, չի հաստատում, այսպես կոչված, «հինգերորդ շարասյան» գոյության մասին պնդումները։

«Այս զեկույցով չեն կարող ապացուցել, որ գործել է «հինգերորդ շարասյունը»։ Նման բան չկա», — հայտարարել է Մանուկյանը։

Նա նաև մերժել է ընդդիմությանը որպես ռազմական գործողություններին խոչընդոտող ուժ ներկայացնելը։ Նահայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչները եղել են առաջնագծում և Արցախում ու պատրաստ էին աջակցել իշխանություններին՝ արդյունքի հասնելու համար։

«Ընդդիմությունն առաջնագծում էր, ընդդիմությունն Արցախում էր, ընդդիմությունը պատրաստ էր, թևքերը քշտած, ծառայել անգամ այս իշխանությանը՝ միայն թե հաջողության հասնեինք։ Բայց իշխանության կողմից մերժում եղավ», — ասել է պատգամավորը։

Մանուկյանը նաև հայտարարել է, որ Արցախի իշխանությունները խուսափում էին կապերից Արցախի շարժման մի շարք առաջնորդների և հայկական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ՝ Նիկոլ Փաշինյանից ունեցած վախի պատճառով։

Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ պատգամավորը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը չպետք է կառուցվի Բաքվից բարեհաճություն սպասելու վրա։

«Ալիևն ու Ադրբեջանը ցույց են տալիս, որ դա չի լինելու», — ասել է Մանուկյանը։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի վեցերոորդ տարելիցին, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները և Արցախի Հանրապետության ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսները։