«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգա Հովսեփյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ու Հայաստանի պարտության պատճառները պետք է դառնան լիարժեք քննության առարկա ներկայիս իշխանությունների փոփոխությունից հետո։
Պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Հովսեփյանը նախ հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին։
«Փառք և պատիվ մեր բոլոր տղաներին՝ նրանց, ովքեր այսօր ապրում են մեր կողքին, և նրանց, ովքեր երկնքից են նայում մեզ։ Մենք հիշում ենք նրանց, և մեր պարտքն է սերնդեսերունդ փոխանցել նրանց հիշատակը», — ասել է պատգամավորը։
Պատասխանելով Ադրբեջանի շարունակվող պահանջների և Հայաստանի տարածքի նկատմամբ հնչող սպառնալիքների վերաբերյալ հարցին՝ Հովսեփյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանգ չի առնի։
«Այո՛, Ալիևը կանգ չի առնի։ Չի կանգնի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում այսօրվա իշխանություններն են, որոնք իրենց աթոռները պահելու համար պատրաստ են ամեն ինչի», — ասել է նա։
Պատգամավորի կարծիքով, իշխանությունների գործողությունները ներկայացվում են որպես խաղաղության ձգտում, սակայն իրականում դրանց գլխավոր նպատակը, ըստ նրա, իշխանությունը պահպանելն է։
«Ես վստահ եմ, որ երբ իշխանությունը փոխվի, այս պատերազմի բոլոր հանգամանքները կբացահայտվեն, որովհետև մեր խիղճը դա է պահանջում։ Վերջիվերջո, մենք պետք է հասկանանք, թե ինչպես եղավ, որ մենք նման պարտություն կրեցինք», — հայտարարել է նա։
Հովսեփյանը շեշտել է, որ պարտությունն ինքնին և հայկական կողմի անպատրաստվածությունն արդեն ակնհայտ են, սակայն, ըստ նրա, մնում է գլխավոր հարցը՝ ինչպե՞ս երկիրը հայտնվեց ներկայիս իրավիճակում։
«Մենք հասկացանք, որ պարտվել ենք, հասկացանք, որ անպատրաստ էինք, որ բազմաթիվ խնդիրներ կային։ Բայց ինչպե՞ս եղավ, որ մենք հայտնվեցինք այսպիսի իրավիճակում։ Այս իշխանությունը, բնականաբար, չի գործի իր իսկ դեմ։ Իշխանությունը կփոխվի, և մենք կհասկանանք, թե ինչն է դարձել այս պարտության պատճառը», — ասել է պատգամավորը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս հարցերից որոշների պատասխաններն արդեն չեն ստացվել, մասնավորապես 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններից և Նիկոլ Փաշինյանի դրան հաջորդած հայտարարություններից հետո, Հովսեփյանը նշել է, որ վերջնական եզրակացություններ անել անհրաժեշտ է լիարժեք քննության հիման վրա։
«Մենք կարող ենք ընդհանուր եզրակացություններ անել՝ ելնելով համապատասխան գործողություններից և հայտարարություններից։ Ես խոսում եմ հենց քննություն անցկացնելու մասին՝ համապատասխան անձանց հրավիրելու, նրանց հարցաքննելու մասին», — ասել է նա։
Որպես պարզաբանման կարիք ունեցող հարցերից մեկը Հովսեփյանը հիշատակել է 2020 թվականին ադրբեջանական ուժերի ռազմական առաջխաղացման հանգամանքները. «Ինչպե՞ս եղավ, որ նրանք հասան մինչև Շուշի, եկան Ջաբրայիլից և հասան մինչև Շուշի», — ասել է պատգամավորը։
Ըստ նրա, նման հարցերի պատասխանները պետք է պարզվեն ոչ թե քաղաքական գնահատականների միջոցով, այլ քննության շրջանակում՝ կոնկրետ պաշտոնատար անձանց գործողություններն ու հանգամանքները պարզաբանելով։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի վեցերոորդ տարելիցին, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները և Արցախի Հանրապետության ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսները։











