«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից վեց տարի անց դրա պատճառների և ընթացքի վերաբերյալ առանցքային հարցերը դեռևս մնում են անպատասխան։

Նրա կարծիքով, լիարժեք քննություն հնարավոր չէ, քանի դեռ իշխանության մեջ են մարդիկ, որոնց նա համարում է տեղի ունեցած ողբերգության համահեղինակներ։

«Իրականում այդ պատասխանները չեն էլ կարող լինել՝ հաշվի առնելով, որ մարդիկ, որոնք այս ողբերգությունների համահեղինակներն ու ճարտարապետներն են, այսինքն՝ ներկա իշխանությունները, շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները», — ասել է Գրիգորյանը լրագրողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցին։

Ըստ նրա, գլխավոր հարցն այն է, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել քայլեր, որոնք կարող էին կանխել պատերազմը, և ինչու ռազմական գործողությունները ավելի շուտ չեն դադարեցվել, եթե նման հնարավորություն եղել է։

«Կարծում եմ՝ թիվ մեկ հարցն այն է, թե ինչու նա չկարողացավ և ինչու չձեռնարկեց այնպիսի քայլեր, որոնք թույլ չէին տա, որ պատերազմ սկսվեր, և հակառակը՝ ձեռնարկեց քայլեր, որոնք մոտեցրին պատերազմը և փաստացի Ալիևի ձեռքերն ազատեցին՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար», — հայտարարել է պատգամավորը։

Գրիգորյանը նշել է, որ իրադարձությունների հետադարձ գնահատման դեպքում Նիկոլ Փաշինյանի գործողությունները, իր կարծիքով, վկայում են պատերազմը մոտեցնելու ձգտման մասին։

«Եթե հետ նայենք, ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի պատերազմ սկսվի», — ասել է նա։

Պատգամավորը նաև հղում է արել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի դեռևս չհրապարակված զեկույցին։ Նրա կարծիքով, զեկույցի առանձին դրվագներ վկայում են, որ հարցի կարգավորման դիվանագիտական ուղին փակվել է հենց Փաշինյանի գործողություններով։

«Կան առանձին դրվագներ, որոնք իսկապես ցույց են տալիս, որ հարցի դիվանագիտական կարգավորման էջը Նիկոլ Փաշինյանն ինքն է փակել իր գործողություններով։ Այդ մասին վկայում է նաև Զոհրաբ Մնացականյանը, որը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը», — ասել է Գրիգորյանը։

Նա հույս է հայտնել, որ համապատասխան նյութերի հրապարակումից հետո հասարակությունը կստանա պատասխաններ գոնե պատերազմի մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերի մի մասի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ պատգամավորը կարծում է, որ մինչև իշխանափոխությունը տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզել անհնար է։

«Քանի դեռ գոյություն ունի իշխանություն, որը Ալիևի հետ միասին այս ողբերգությունների համահեղինակն է, անհնար է ստանալ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր ունենք», — ասել է Գրիգորյանը։

Նա անդրադարձել է նաև հայ ռազմագերիների և անհետ կորածների հարցին։ Նա նշել է, որ նույնիսկ պատերազմից տարիներ անց մի շարք հայ քաղաքացիների ճակատագիրը մնում է չպարզված։

«Եթե խոսքը խաղաղության մասին է, անհնար է խաղաղություն հաստատել առանց ռազմագերիների վերադարձի, ինչպես նաև առանց մեր այն հայրենակիցների ճակատագրի պարզաբանման, որոնք համարվում են անհետ կորած», — հայտարարել է պատգամավորը։

Գրիգորյանը կասկածի տակ է դրել այն պնդումները, թե պատերազմների ավարտից հետո գերիների վերադարձը երբեմն տասնամյակներ է տևում։

«Աշխարհում չկա մեկ այլ դեպք, երբ երկու երկրներ հայտարարում են, որ միմյանց հետ ապրում են խաղաղության պայմաններում, բայց դրանցից մեկը մյուս երկրի քաղաքացիներին պահում է որպես պատանդ և ենթարկում խոշտանգումների», — ասել է նա։

Ըստ պատգամավորի, այսօր խոսքն արդեն միայն հայ քաղաքացիների վերադարձի մասին չէ, այլև նրանց հիմնարար իրավունքների պահպանման մասին։ Որպես օրինակ նա բերել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի վերջին զեկույցը, որում խոսվում է հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, այդ թվում՝ նրանց մարմիններից խաչերը հեռացնելու դեպքերի մասին։

Գրիգորյանը նաև քննադատել է ներկա իշխանությունների կողմից զիջումները որպես ձեռքբերում ներկայացնելը և հայտարարել, որ հասարակության մեջ միաժամանակ փորձեր են արվում փոխելու զոհվածների հիշատակի նկատմամբ վերաբերմունքը։

«Մենք ապրում ենք աբսուրդային իրականության մեջ, երբ պատերազմը փորձում են ներկայացնել որպես խաղաղություն, բազմաթիվ զիջումները՝ որպես ձեռքբերումներ, իսկ հիմա մեր պատերից հանում են զոհված հերոսների լուսանկարները՝ ասես այդ կերպ փորձելով ջնջել նաև մեր հիշողությունը», — ասել է նա։

Գրիգորյանի համոզմամբ, զոհվածների հիշատակը հնարավոր չէ ոչնչացնել, իսկ գերիների և անհետ կորածների հարցում հստակության բացակայությունը մնում է խաղաղության մասին հայտարարությունների և իրական իրավիճակի միջև գլխավոր հակասություններից մեկը։

«Պատմության մեջ չկա մեկ այլ դեպք, երբ երկրները միմյանց հետ խոսում են խաղաղության մասին, խաղաղության համար ինչ-որ մրցանակներ են ստանում, բայց մի երկրի քաղաքացիները շարունակում են գտնվել մյուսի մոտ գերության մեջ, իսկ անհետ կորածների հարցում ընդհանրապես որևէ առաջընթաց չկա», — ասել է պատգամավորը։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի վեցերոորդ տարելիցին, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները և Արցախի Հանրապետության ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսները։