Երևանում էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով երկու փրկարար ծխահարվել է, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Այս մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Երկու հրշեջ-փրկարար ծխից թունավորում են ստացել։ Մեկը հոսպիտալացվել է, իսկ երկրորդը հենց հիմա տեղում առաջին օգնություն է ստանում», — ասել է Սարգսյանը։

Ըստ նրա, Ծիծեռնակաբերդի պողոտայում գտնվող էլեկտրական ենթակայաններից մեկում հրդեհի մասին հաղորդումը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել մոտ ժամը 17:00-ին։ Դեպքի վայր են անմիջապես ուղևորվել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկները, որոնք անցել են հրդեհաշիջման աշխատանքներին։

Սարգսյանը նշել է, որ հրդեհը բավականին խոշոր է եղել։ Բռնկումը տեղի է ունեցել տրանսֆորմատորներից մեկում, որտեղ եղել է մոտ 25–30 տոննա յուղ։

«Մեր հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի մյուս հատված, որպեսզի ևս մոտ 30 տոննա յուղ չբռնկվի, ինչպես նաև շատ մեծ աշխատանք են կատարել, որպեսզի կրակն ընդհանրապես տարածքից դուրս չգա», — պատմել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Փրկարարները նաև թույլ չեն տվել, որ կրակը տարածվի հարակից տարածք, որտեղ կան խոտածածկ և այլ բուսականությամբ հատվածներ։

Ըստ Սարգսյանի, տեղում աշխատում են Փրկարար ծառայության մոտ 11 մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ խմբեր և ոստիկանության աշխատակիցներ։

Նրա հայտարարության պահին բաց կրակն արդեն չկար, հրդեհը տեղայնացվել էր, սակայն փրկարարները շարունակում էին աշխատել տեղում։

«Կարծում եմ՝ դեռ մի քանի ժամ կաշխատեն, որպեսզի հրդեհը վերջնականապես մարեն», — ասել է Սարգսյանը։

Անդրադառնալով բռնկման պատճառներին՝ ՆԳՆ մամուլի քարտուղարը ընդգծել է, որ վերջնական եզրակացություններ անել դեռ վաղ է։

«Այս պահին, բնականաբար, հրդեհի ճշգրիտ պատճառի մասին խոսելը դեռ շատ վաղ է», — նշել է նա։

Ըստ նրա, հնարավոր հանցագործության մասին հաղորդում ստացվելուց հետո դեպքի հանգամանքները կքննվեն, իսկ հրդեհի պատճառի տարբեր վարկածները՝ կուսումնասիրվեն։ Վերջնական եզրակացությունները պետք է տան քննություն իրականացնող մարմինները։