Լոռիի մարզում այսօր՝ մայիսի 23-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել: Գիշատիչներն այս անգամ հարձակվել են մարզի Արջուտ համայնքի բնակիչ Ռոզա Գասպարյանին պատկանող անասնագոմի վրա, խեղդամահ արել 8 ոչխար եւ նույնքան գառ, վիրավորել եւս 10 ոչխարի: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:00-ի սահմաններում:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ռոզա Գասպարյանը նշեց, որ ոչխարներն իրենց ընտանիքի միակ եկամտի աղբյուրն էին, իսկ թե դեպքից հետո ինչպես են ապրելու, դեռ չգիտեն: Նրա պատմելով իրենց կրած վնասը անցնում է մեկ միլիոն դրամից, քանի որ շուկայում այսօր մեկ ոչխարի գինն սկսում է 70 հազար դրամից: Գյուղացիները հույսները կապում են կառավարության հետ, ակնկալելով նրա աջակցությունը, թեեւ նշում են, որ նախորդ տարիներին եւս գյուղում գայլերի հարձակումներ են գրանցվել, սակայն փոխհատուցում չի տրվել:
Ռոզա Գասպարյանի թոռան՝ Գնուն Գրիգորյանի պատմելով, այս դեպքում իրենք չեն կարող նույնիսկ միսն իրացնել, քանի որ վտանգավոր է, իսկ հոշոտված, սակայն կենդանի մնացած ոչխարներին եւս պետք է հարկադիր սպանդի ենթարկեն, քանի որ նրանց վիճակը ծանր է ու չեն կարող ապրել: «Ողջ ապրուստս գնաց ջուրն ընկավ, պետք է շներին տանք, բա ի՞նչ անենք»,-ասաց նա, նշելով, որ իրենց ընտանիքը բաղկացած է 5 անձից՝ ինքը, կինը, իրենց երկու անչափահաս երեխաներն ու տատիկը:
Կատարվածի մասին տեղյակ է պահվել Լոռիի մարզպետարանին, ստեղծվել է հանձնաժողով, վնասի չափերը ճշտվում են:
Հավելենք, որ Արջուտ համաւյնքում օրեր առաջ եւս նմանատիպ դեպք էր գրանցվել, գայլերն այդ անգամ հոշոտել էին մեկ հորթի:
Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի











