Աշնանային մթերման թեժ շրջանում Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման երկու կայաններում՝ Նոր Ամասիայում և Մասիսում, աշխատանքներն ընթանում են կազմակերպված՝ առանց ավելորդ աղմուկի ու երկար հերթերի։
Նախապես կազմված ցուցակներն ու հստակ ժամանակացույցը հնարավորություն են տվել կանոնակարգել մթերման ամբողջ գործընթացը։ Կոմբինատի երկու կայաններում այս տարի նախատեսվում է ընդունել մոտ երեք անգամ ավելի խաղող՝ նախորդ տարվա համեմատ։ Եթե 2025–ին մթերվել է շուրջ 8 հազար տոննա, ապա այս տարի, ըստ պայմանագրերի, նախատեսված է մոտ 20-22 հազար տոննա բերքի մթերում։
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի գլխավոր կոնյակագործ և տեխնոլոգ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ մթերման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին և նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 11-ին։ Կոմբինատի երկու կայաններում օրական մթերվում է մոտ 1000 տոննա խաղող․ 500-600 տոննա Ամասիայի կայանում, 300-400 տոննա՝ Մասիսում։ Մթերման ծավալների աճը լուրջ աջակցություն է տեղի խաղողագործներին։ Մթերման պրոցեսից գոհ են նաև խաղողագործները։
NEWS.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ նախապես համաձայնեցված օրը գալիս են մթերման կայան ու առանց խոչընդոտների հանձնում խաղողը։ Գործարանում ընդգծում են, որ մթերման գործընթացում առանցքային նշանակություն ունի ոչ միայն խաղողի քանակը, այլև որակը։ Տեխնոլոգիական թիմը վերահսկում է ամբողջ գործընթացը՝ խաղողի ընդունումից մինչև դրա վերամշակում։
Յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվում է որակական և քանակական հետազոտության։ Մասնագետները ստուգում են, մասնավորապես, խաղողի շաքարայնությունը, որից հետո, համապատասխան ցուցանիշների դեպքում, իրականացվում է հումքի ընդունումն ու վերամշակումը։
«Մթերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի համաձայն։ Մենք կարող ենք օգտագործել 17 տեսակի խաղողի սորտ, որոնցով էլ իրականացնում ենք մթերում։ Խաղողի որակական-քանակական հետազոտությունից հետո կատարվում է շաքարայնության որոշումը, և համապատասխան ցուցանիշներից հետո իրականացվում է խաղողի վերամշակումը», - նշեց Տիգրան Խաչատրյանը։
Խաղողագործների համար մթերման շրջանում կարևորագույն հարցերից մեկը գինն է։ Նոյ գործարանում մեկ կիլոգրամի համար վճարում են 150 դրամ, շուկայում առաջարկվող գնի համեմատ դա բավական բարձր առաջարկ է։ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը մթերված խաղողի դիմաց վճարումներն իրականացնում է անկանխիկ եղանակով՝ առանց ուշացումների։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ գումարի փոխանցումը կատարվում է անմիջապես խաղողի մթերումից հետո։
Մթերման ծավալների աճը, կազմակերպված ընդունման գործընթացը, որակի խիստ վերահսկողությունն ու արագ վճարումները, ըստ գործարանի, այս տարվա մթերման արշավի հիմնական առանձնահատկություններն են։











