Հարազատ կորցրած մարդիկ ինչ-որ մի ցավի միջով անցնելով այդ ցավը հաղթահարում են, իսկ անհետ կորածների հարազատները միշտ ապրում են այդ սպասումով. մեզանից շատերը այս աշխարհը լքեցին, այդպես էլ չիմացան, թե ինչ եղավ իրենց որդիների ճակատագիրը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8–ին, ԱԺ–ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների և անհետ կորածների հարազատների հանդիպման ժամանակ նշեց անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը, ով նաև անհետ կորած փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի զարմուհին է։

«Մենք ունենք անհետ կորածների շրջանում մարդիկ, որոնք բռնի անհետացած են, դա նշանակում է, որ մարդիկ վկաների ապացույցներով, տեսագրություններով ողջ վիճակում փաստացի գերեվարվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, բայց դրան զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է՝ մենք մեր տիրապետության ներքո նման մարդ չենք ճանաչում: Բռնի անհետացումը, միջազգային կոնվենցիաներով հանցագործություն է, որի համար խիստ պատիժներ են նախատեսված: Բայց քանի որ մեր պետությունը գնում է խաղաղասիրական մթնոլորտում, մենք տեսնում ենք, որ ոչ մի միջազգային հարթակում առաջ չի բերում բռնի անհետացածների հարցը որպես հանցագործություն, որին պետք է միջազգային հանրությունը հետամուտ լինի, փորձի Ադրբեջանին, չեմ ասում նույնիսկ իրավական, բայց քաղաքական պատասխանատվության կանչի իր չհամագործակցային լինելու համար։

Մեր բոլորի կողմից տեսած այդ պատերազմի զարհուրելի կադրերում կան զինվորներ, որոնք ողջ վիճակում ձեռքերը վերև պարզած գերեվարվել են, և այդ մարդկանց ճակատագիրը այս պահին անհայտ է։ Մեր պաշտոնական տվյալներով դրանց թիվը մոտ 30-ն է։ Դրանց վերաբերյալ այն ժամանակվա միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը համապատասխան գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ։

Հիմա փաստացի ստացվում է, որ նախաստորագրված խաղաղության պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է այդ մարդկանց վերաբերյալ գանգատը ևս հետ կանչել Եվրոպական դատարանից, ինչը անթույլատրելի է»,– հայտարարեց Տաթևիկ Սողոյանը։

Նա նշեց, որ ինքը գրավոր դիմել է ՄԻԵԴ ասելով. «Այդ իրավունքը, որ խախտվել է, կառավարության իրավունքը չի խախտվել, իմ ընտանիքի իրավունքն է խախտվել, և կառավարությունն իրավունք չունի իմ ընտանիքի փոխարեն որոշել, ես ուզու՞մ եմ դադարեցնել իրավական ճանապարհով փնտրտուքը, թե ոչ։ Ես դրա վերաբերյալ ունեմ Եվրոպական դատարանի դիրքորոշումը, որ դրան առանձին որոշմամբ Եվրոպական դատարանի մեծ պալատը կանդրադառնա։

Այսինքն այն դեպքում, եթե ՀՀ կառավարությունը որոշի հարազատների փոխարեն հրաժարվել միջպետական գանգատներից, դա ընդունելի կլինի՞ ՄԻԵԴ–ի համար, թե ոչ։

Երկրորդը. ամենածանր կարգավիճակը դա այն անհետ կորածներն են, ում վերաբերյալ առհասարակ որևէ ապացույց, տեղեկություն չունենք։ Չունենք ԴՆԹ նույնականացում, չունենք վկաների ցուցմունք, չունենք այն թելը, որտեղից պետք է սկսել որոնումը։

Այստեղ երրորդ կողմի ներկայությունը, հումանիտար աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի քարտեզագրեն թե՛ որոնողական աշխատանքների կատարումները և թե՛ արդեն իսկ առկա մասունքների նույնականացումը, որովհետև մենք լսեցինք վերջերս, որ շատ «պատահականությամբ» սրա մասին խոսեցին և Թուրքիայի ԱԳ նախկին նախարարը և Ադրբեջանի պաշտոնյաները՝ ասելով, որ տվեք, փոխանցեք մեզ ձեր ԴՆԹ տվյալները, մենք մեր մոտ կհամեմատենք մեր եղած մասունքների։ Այսինքն Ադրբեջանը սկսեց խոսել այն մասին, որ մենք փաստորեն դեռևս ունենք ձեր զինվորների մասունքներից, բայց եկեք դուք մեզ տվեք այդ ԴՆԹ տվյալները, մենք համեմատությունը անենք։

Շատ խոր մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ հասկանալու համար, որ չի կարելի մեր ԴՆԹ տվյալները փոխանցել առնվազն մինչև վերջերս մեր ընկալումներով թշնամի պետության ձեռքը։ Դա ևս պետք է իրականացնի այդ ԴՆԹ բազայի և ռեեստրի հավաք հավաքագրումը երրորդ անկողմնակալ, հումանիտար և հուսալի կազմակերպություն, որպեսզի հետագա ռիսկեր ևս չունենանք»,– ընդգծեց Սողոյանը։

Նա նաև ընդգծեց, որ կա նաև երրորդ խումբը՝ դա այն դեպքերն են, շուրջ 80 դեպքի մասին է խոսքը, որոնք ըստ ՀՀ կառավարության, մասունքները նույնականացված են, բայց կան ծնողներ, որ հրաժարվում են ընդունել՝ չվստահելով կառավարությանը և իր անցկացրած փորձաքննության արդյունքներին։ Դրա արդյունքում այդ մարմիններն ու մասունքները արդեն վեցերորդ տարին է, որ գտնվում են տարբեր դիահերձարաններում։

Ես ինքս ունեմ համոզմունքներ, թե որ դեպքերում է, որ զոհվածների մարմինների ԴՆԹ նույնականացումը ճիշտ է, որ դեպքերում է, որ նույնականացումը չասեմ սխալ է, բայց շատ փնթի է իրականացվել և ծնողը տեսնելով այդ ամբողջ գործողությունների շղթան, դրան գումարվելով իր կանխակալությունը, կասկած է առաջացել այդ արդյունքների վերաբերյալ, և դրան պետք է մենք հարգանքով մոտենանք։

Հիմնականում թեստը արվել է հայկական լաբորատորիաներում, թեև դրսում էլ է արվել։ Չեմ ուզում շատ բան ասել, բայց երբ պարկերով հավաքում էին այդ մասունքերը ,բերում էին, շատ խախտումներով է իրականացրել Հերացու վրա գտնվող դատաբժշկական կենտրոնը։ Այդ ժամանակ շատ սխալ արդյունքներ եղան։ Իմ համոզմունքն այն է, որ դա միայն այդ անձի խնդիրը չի եղել, դա եղել է համակարգի խնդիր, պատրաստ չի եղել համակարգը այդ ծավալով աշխատանքներ իրականացնելու։

Այդ մասունքները մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել, և ոչ ոք չգիտի, թե այդ մի պարկի մեջ քանի հոգու մասունք կարող է լինել։ Այդ ամեն ինչը խառնաշփոթի է բերել։ Կարող է այդ պարկից մեկ մասունք հանվել է, նույնականացվել է, գտել են, հուղարկավորել են, և այլևս մյուս մասունքները այդ նույն պարկի չեն անցել նույնականացում։ Բայց գուցե այդ պարկում նաև ուրիշ զինվորի մասունքներ կային, և այդ զինվորի հարազատները մինչ օրս պատասխան չունեն»,–ասաց նա։