«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում «ձայների գողության» կապակցությամբ կդիմի ՄԻԵԴ։ Այս մասին հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտնել է կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Վարդանյանն անդրադարձել է ավելի վաղ ներկայացված ԵԽԽՎ զեկույցին՝ նշելով, որ ընտրությունները լեգիտիմ ճանաչելը աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանք է, չնայած զեկույցում թվարկված խնդիրներից և խախտումներից հետո նման եզրակացությունն անհարիր է թվում։ Զեկույցում արձանագրվում է, որ 3 տեղամասում կրկնաքվեարկության չեղարկումն ազդել է մանդատների բաշխման վրա, նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ դրանով ԵԽԽՎ-ն կասկածի տակ է դնում խորհրդարանի լեգիտիմությունը։

«Արձանագրվում է, որ դատական համակարգը և ՍԴ-ն չեն վերացրել խախտումները։ Արձանագրվել է, որ քրեական գործերը վերաբերում էին ընդդիմադիր գործիչներին, և իրականացվել է ընտրողական արդարադատություն»,- թվարկել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ զեկույցը կարևոր է միջազգային կազմակերպությունների հետ հետագա աշխատանքում։ Մասնավորապես, ՄԻԵԴ կներկայացվեն բողոքներ՝ ԲՀԿ ձայների գողության փաստով, որտեղ ԵԽԽՎ զեկույցը կդառնա կարևոր գործիք։

Զեկույցի ենթատեքստն այն է, որ իշխանությունները պետք է հրաժարվեն ճնշման և արդարադատությանը միջամտելու մեթոդներից, չկեղծեն գործեր, չխախտեն անմեղության կանխավարկածը, նկատել է Վարդանյանը։