Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի գովազդային արշավի շրջանակում կնքվել են շուրջ 452 միլիոն դրամի պայմանագրեր, ընդ որում՝ դրանք բոլորը կնքվել են միևնույն կազմակերպության հետ և առանց որևէ մրցույթի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի, ինչպես նաև Կարտախենայի և Նագոյայի արձանագրությունների շրջանակում հանդիպումների անցկացման հետ կապված՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 12-ին հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ իրենք դեմ չեն Հայաստանում հեղինակավոր միջազգային համաժողովների անցկացմանը, սակայն անընդունելի են համարում, երբ նման միջոցառումները կարող են վերածվել պետական միջոցների ոչ թափանցիկ ծախսման առիթի։

Նրա խոսքով՝ փետրվարի 23-ին Շրջակա միջավայրի նախարարությունը միևնույն կազմակերպության հետ կնքել է գովազդային երեք պայմանագիր։

«Առաջին պայմանագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 54 միլիոն դրամ։ Միջոցները հատկացվել են հեռուստատեսային գովազդի և լայնամասշտաբ գովազդային արշավի համար։ Երկրորդ պայմանագրով՝ շուրջ 208 միլիոն դրամ՝ ոչ թվային արտաքին գովազդի ստեղծման և տեղադրման համար։ Երրորդով՝ 189 միլիոն դրամ՝ թվային արտաքին գովազդի ստեղծման և տեղադրման համար։ Ասեմ, թե որն է խնդիրը․ Շրջակա միջավայրի նախարարությունը գովազդային այս երեք պայմանագրերը կնքել է փետրվարի 23-ին և վճարել 90% կանխավճար։ Ուշադրություն դարձրեք՝ 90% կանխավճար՝ մի կազմակերպության, որը գովազդային արշավի անցկացման մասով դեռևս որևէ ծառայություն չի մատուցել։ Չէ՞ որ կարող էր որևէ բան պատահել, և գովազդային արշավն այդպես էլ չիրականացվեր։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ 90% կանխավճար որոշել են տրամադրել մի ընկերության, որն ավելի վաղ տապալել էր Սնուփ Դոգի համերգը», — ասաց Մաթևոսյանը։

Բացի այդ, պատգամավորի պնդմամբ, երեք պայմանագրերում նշված աշխատակիցների պաշտոնական պարտականությունները հիմնականում կրկնվում են։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պայմանագրում առանձին նշված է շուրջ 40 աշխատակից, սակայն աշխատանքների բնույթի համեմատությունից ակնհայտ է դառնում, որ դրանք հնարավոր էր իրականացնել նաև մեկ պայմանագրի շրջանակում։

Պատգամավորը կասկածի տակ դրեց նաև կազմակերպության ընտրության ընթացակարգը։ Այսպես, նրա պնդմամբ, Շրջակա միջավայրի նախարարությունը բոլոր երեք պայմանագրերը կնքել է առանց որևէ մրցույթի։

«Եթե մրցույթ չի անցկացվել, պարզաբանեք, խնդրեմ, թե ի՞նչ չափանիշներով եք ընտրել այս կազմակերպությանը», — հարցրեց Մաթևոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ նույն կազմակերպության հետ կնքվել են նաև այլ պայմանագրեր, օրինակ՝ համաժողովի կապի, հաղորդակցության և տրանսպորտային սպասարկման ծառայությունների մատուցման համար։ Նա պահանջեց պարզաբանել, թե ի՞նչ չափանիշներով է ընտրվել վերոնշյալ ընկերությունը, և ո՞վ է կայացրել համապատասխան որոշումը։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիանա Մանուկյանը, անդրադարձավ բրենդավորված ապրանքների արժեքին՝ նշելով, մասնավորապես, որ Կառավարությունը 290 միլիոն դրամ է ծախսել COP-17-ի բրենդավորված նվերների վրա։

«Օրինակ՝ ձեռք է բերվել 16,500 թերմոս՝ հատը 7,800 դրամով։ Քանի որ COP-17-ի հետ կապված բոլոր պայմանագրերում բացակայում են ապրանքների բնութագրերը, ես շուկայի փոքրիկ վերլուծություն եմ իրականացրել և մեր շուկայում առկա լավ որակի թերմոսների չորս տարբեր մոդելներ եմ ձեռք բերել։ Դրանց մանրածախ արժեքը տատանվում էր 2,000-ից 3,500 դրամի սահմաններում։ Եթե պատվիրեի նաև ֆիրմային տպագրություն, ստիպված կլինեի ծախսել ևս 1,000 դրամ։ Այսինքն՝ առավելագույն մանրածախ գինը կկազմեր 4,500 դրամ։ Պետությունը ձեռք է բերել բեյջերի 19,700 կապիչ՝ հատը 1,248 դրամով։ Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց գտնել բեյջի որևէ կապիչ, որն արժենար 55 դրամից ավելի», — հայտարարել է Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը մանրամասներ ներկայացրեց նաև էկոլոգիական պայուսակների վերաբերյալ՝ ընդգծելով, որ պետությունը ձեռք է բերել 16,500 պայուսակ՝ հատը 3,432 դրամով, թեև դրանք հնարավոր էր գնել 3,000 դրամով։ Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակ է արձանագրվել նախկինում ձեռք բերված բոլոր նվերների մասով։