Իհարկե իմ բարեկրթությունը թույլ չի տա համարժեք բառապաշարով արձագանքել սույն տիկնոջը, բայց ես զարմացած չեմ, որովհետև նա շարունակում է իր քաղաքական ուժին բնորոշ բառապաշարը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան. Խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով Երևանի տոնին նվիրված Սամվել Կարապետյանի շնորհավորանքին Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանի արձագանքին։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ասել էր, որ Էրեբունից Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնա։ Ազարյանն էլ արձագանքել էր. «Երևանի տոնը այս տարի միանգամայն այլ տեսք ուներ, առավել ուրախ, գունեղ ու հագեցած, ի հեճուկս չկամների, բայղուշների ու ինքնահռչակ մարգարեների»։

Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց, որ գործ ունեն մի իշխանության հետ, որի ղեկավարը չի խոշորում ընդհուպ մինչև հայհոյանքով խոսել սեփական հանրության հետ. «Ինչ վերաբերում է այդ որակումներին, դրանք ընդամենը ծիծաղ են առաջացնում, որովհետև մենք խոսում ենք կրկին մի իշխանության մասին, որն իր կառավարման շուրջ ութ տարիների ընթացքում մեր երկրին բերել է միայն ու բացառապես ձախողումներ և կորուստներ, հայկական Արցախը հանձնել է թշնամուն, Հայաստանի սուվերեն տարածքները դարձրել է ադրբեջանցիների զբոսանքի վայր, տարածքներ է հանձնել Ջերմուկից, Սյունիքից։ Այդ տարածքները մինչև հիմա վերադարձված չեն։

Ինչ վերաբերում է նրան, թե ճոխ էր տոնը, գունեղ էր, այդ գունեղ հրավառության և ճոխության հետևում թաքնված է այս իշխանության ողջ պերճանք նու թշվառությունը։ Քիչ առաջ այս ամբիոնից իմ գործընկերները ներկայացրին COP17-ին վերաբերող պայմանագրերի մանրամասները, թե ինչ ուռճացված գնումներ են իրականացրել, ի դեպ, մեկ անձից գնումների ավանդույթը իրենք շարունակում են։ Նախորդ տարիներին լրագրողական հետաքննությունները ապացուցում են, թե ինչ միլիարդավոր գումարներ են ծախսել այս իշխանությունները տարբեր տոների, հրավառությունների, ֆեստիվառների ու այլնի վրա։

Սրա նպատակը մի բան է՝ ժողովրդին հաց ու հանդես պիտի տալ, բայց իրենք չեն կարողանում հացը ապահովել, և փորձում են հանդեսներով, հրավառություններով, համերգներով շեղել օրակարգային խնդիրներից մեր հասարակությանը»,–ասաց նա։