ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր՝ հոկտեմբերի 15–ին, բողոքի ակցիա է կազմակերպվել, ակցիայի մասնակիցները բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. «Մենք եկել ենք միջազգային հանրությանը հիշեցնելու, որ բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից։

Կունմին–Մոնրեալի գլոբալ շրջանակի 22-րդ թիրախը շեշտում է բնիկ ժողովուրդների իրավունքների հարգումը, արդարադատության հասանելիությունը և բնապահպանական իրավապաշտպանների պաշտպանությունը։ Բայց ի՞նչ արժեք ունեն այս սկզբունքները, երբ՝ Արցախի բնիկ հայ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր կենսատարածքից։

Հայաստանի բնությունն ու ջրային պաշարները վտանգվում են Ամուլսարի և այլ հանքարդյունաբերական ծրագրերով։ Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ։

Հայաստանում լուրջ մտահոգություններ կան քաղաքական դրդապատճառներով ազատազրկումների վերաբերյալ։

COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ՝ իրական խնդիրները քողարկելու համար։ Միացե՛ք մեր խաղաղ ակցիային։ Մեր ձայնը պետք է լսելի լինի ամբողջ աշխարհին»,–ասված է կազմակերպիչների տարածած հայտարարությունում։