Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում մեկնարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Մանվել Շահվերդյանը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, որին վարչապետ Փաշինյանը դեռևս նախընտրական քարոզարշավի օրերին խոստանում էր զրկել ունեցվածքից, կալանավորվել էր 2026 թվականի հուլիսի 7-ին՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Դրանից մեկ օր առաջ՝ հուլիսի 6-ին, ՔԿ քննիչները խուզարկություններ էին իրականացրել նրա առանձնատանը, ինչպես նաև «ԲՀԿ» ղեկավարի հետ կապված ավելի քան 70 հասցեներում։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական վարույթներից մեկով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ մի շարք անձինք 2022–2024 թվականներին ենթադրաբար կատարել են առանձնապես խոշոր չափերի խարդախություն և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ծառուկյանը կազմակերպել և գլխավորել է հանցավոր խումբ, որը, Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեության և փաստաթղթեր կեղծելու ճանապարհով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա ու ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։
Մինչդեռ նույն անձինք Իրանում նույն գործով ներգրավված են որպես մեղադրյալներ։











