Օգտակար հանածոների արդյունահանումը զբաղեցնում է Երկրի մակերեսի միայն փոքր մասը, իսկ դրա արտադրանքն օգնում է ավելի արդյունավետ օգտագործել գյուղատնտեսական հողերը և նվազեցնել մարդկության ընդհանուր էկոլոգիական հետքը։ Դրա մասին հայտարարել է միջազգային հանքարդյունաբերական ոլորտի ղեկավար և գործադիր խորհրդատու, Mining Armenia Forum 2026-ի գլխավոր բանախոս Մարկ Կուտիֆանին։

Ըստ նրա՝ հասարակությունը պետք է ավելի լավ հասկանա, թե որքանով է առօրյա կյանքը կախված հանքարդյունաբերության արտադրանքից։ Դրա նշանակությունը չի սահմանափակվում մետաղներով և արդյունաբերական հումքով․ արդյունահանված նյութերն օգտագործվում են ջրամատակարարման համակարգերում, էներգետիկայում, շինարարությունում և այլ ենթակառուցվածքներում, առանց որոնց անհնար է ապահովել միլիարդավոր մարդկանց կարիքները։ «Հանքարդյունաբերական արտադրանքը մեր գոյության հիմքում է։ Այն ապահովում է ջրամատակարարում, սնունդ, բնակարան, ջերմություն և ճանապարհորդելու հնարավորություն, որովհետև այս կամ այն կերպ հիմնական բաները հանքարդյունաբերական գործունեության արդյունք են»,- նշել է նա։

Կուտիֆանին բերել է ջրամատակարարման օրինակը։ Հանքարդյունաբերական ոլորտի շնորհիվ ստացվող նյութերն օգտագործվում են պոմպակայաններում և հնարավորություն են տալիս ջուրը հասցնել տներ։ Առանց համապատասխան ենթակառուցվածքների անհնար կլիներ խողովակաշարերի և պոմպային համակարգերի միջոցով ջրամատակարարում ապահովել միլիոնավոր մարդկանց համար։ Մեկ այլ օրինակ է սննդի արտադրությունը։ Կուտիֆանին ընդգծել է, որ առանց պարարտանյութերի կիրառման մարդկությունը կկարողանար կերակրել Երկրի բնակչության միայն 50%-ին։ Հետևաբար, ըստ նրա, պարարտանյութերից հրաժարվելը պետք է դիտարկել՝ հաշվի առնելով այն հետևանքները, որոնք դա կունենար միլիարդավոր մարդկանց համար։ Նմանատիպ հարց է առաջանում նաև բնակարանի և էներգիայի առնչությամբ։ Եթե ութ միլիարդ մարդու կարիքները բավարարելու համար մարդկությունը կարողանար հենվել միայն անտառների վրա, հարց է առաջանում՝ անտառային զանգվածների ինչ զգալի մասն ընդհանրապես կպահպանվեր այդ կարիքներն ապահովելուց հետո։

Կուտիֆանին կարծում է, որ հանքարդյունաբերության մասին խոսակցությունը պետք է սկսել այն գիտակցումից, թե որքանով է աշխարհը կախված դրանից ութ միլիարդ մարդու կյանքն ապահովելու համար։ Դրանից հետո օրինաչափորեն առաջանում է նման ապահովման գնի հարցը և այն, թե ինչու է խոշոր կարգավորվող արդյունահանումը նախընտրելի այն իրավիճակից, երբ ութ միլիարդ մարդ ինքնուրույն կարդյունահաներ իրեն անհրաժեշտ ռեսուրսները և կփորձեր ապահովել սեփական գոյությունը։

Նա նշել է, որ օգտակար բաղադրիչների բարձր խտությամբ հանքավայրերի մշակման բարձր արդյունավետությունը հնարավորություն է տալիս լայնածավալ արտադրություն ապահովել և պահպանել ութ միլիարդ մարդու բարեկեցությունը։ Կուտիֆանին միաժամանակ ուշադրություն է հրավիրել հանքարդյունաբերության և շրջակա միջավայրի միջև կապի վրա։ Նրա գնահատմամբ՝ ոլորտը կարող է նպաստել մարդածին ազդեցության նվազեցմանը, քանի որ օգտակար բաղադրիչների բարձր պարունակությամբ խոշոր հանքավայրերի մշակումը հնարավորություն է տալիս արդյունահանումը կենտրոնացնել համեմատաբար փոքր տարածքներում։

Սահմանափակ տարածքում արտադրության զգալի ծավալների կենտրոնացումը սովորաբար նշանակում է արդյունահանման ծախսերի նվազում և ներդրված կապիտալի ավելի բարձր վերադարձ։ Միևնույն ժամանակ, տնտեսական տեսանկյունից պակաս գրավիչ հանքավայրերի մշակումը պահանջում է ավելի նորարարական մոտեցումներ ծախսերի կառավարման, շահութաբերության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։

Կուտիֆանին խոստովանել է, որ տնտեսական ռեսուրսները սահմանափակ են, և դրանց համար հարկ է մրցել։ Սակայն, նրա կարծիքով, հանքարդյունաբերությունը կարող է օգնել էկոլոգիական հետքի կրճատմանը։ Դրա համար անհրաժեշտ է հասարակությանը բացատրել, թե ինչու կայուն զարգացումն էկոլոգիական նշանակություն ունի և ինչ անմիջական առնչություն ունի դրան օգտակար հանածոների արդյունահանումը։ Իբրև հիմնական փաստարկներից մեկը Կուտիֆանին նշել է այն գնահատականը, ըստ որի գործող հանքարդյունաբերական օբյեկտները հարակից ենթակառուցվածքների հետ միասին զբաղեցնում են Երկրի մակերեսի մոտ 0,3%-ը։ Համեմատության համար՝ գյուղատնտեսական հողերին բաժին է ընկնում մոտ 40%, իսկ քաղաքային տարածքներին՝ 15%։

Ըստ նրա՝ պարարտանյութերի օգտագործումը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ վարել գյուղատնտեսությունը և պոտենցիալ կերպով կրճատել գյուղատնտեսական հողերի տարածքը 15%-ով և ավելի։ Դա հնարավորություն կտար ավելի ռացիոնալ օգտագործել տարածքը և ջրի ու էներգիայի մատակարարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Կուտիֆանին կոչ է արել հաշվի առնել նաև լոգիստիկ ասպեկտը․ հողերի և ենթակառուցվածքների ավելի արդյունավետ օգտագործումը կարևոր նշանակություն ունի մոլորակի հսկայական բնակչության մատակարարման կազմակերպման համար։ Այդ պատճառով, նրա կարծիքով, անհրաժեշտ է խոսել ոչ միայն բուն արդյունահանման ազդեցության մասին, այլ նաև նրա մասին, թե ինչպես է հանքարդյունաբերական ոլորտի արտադրանքն օգնում նվազեցնել էկոլոգիական բեռը այլ ոլորտներում։

Նա այդ հնարավորությունները կապել է մարդածին հետքի պոտենցիալ 25% կրճատման հետ։ Կուտիֆանին ներկայացրել է այն գնահատականը, ըստ որի՝ տարածքի 0,3%-ը հանքարդյունաբերական գործունեության համար օգտագործելու դեպքում մարդկության ընդհանուր տարածքային հետքը, որը կապված է ութ միլիարդ մարդու սննդով և բնակարանով ապահովելու հետ, կարող է կրճատվել և 75%-ից հասցնել մինչև 55%-ի։ Այսպիսով, նրա գնահատմամբ, տարածքի 0,3%-ը օգտակար հանածոների արդյունահանման համար օգտագործելը հնարավորություն է տալիս պոտենցիալ կերպով նվազեցնել մարդկության ընդհանուր էկոլոգիական հետքը մոտ 30%-ով։

Միաժամանակ Կուտիֆանին ընդգծել է, որ, խոսելով ոլորտի զբաղեցրած տարածքի մասին, անհրաժեշտ է տարբերակել ներկա և ապագա հանքարդյունաբերական գործունեությունը և դրա պատմական ժառանգությունը։ 0,3% գնահատականը վերաբերում է այսօրվա և ապագա արդյունահանմանը, մինչդեռ մոտ հարյուր տարվա ընթացքում ազդեցությունը դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև բնական միջավայրի վերականգնումը։ «Մեզ մեծ աշխատանք է սպասվում՝ վիճակագրությունը բարելավելու և ցույց տալու համար, որ մենք հոգ ենք տանում բոլոր երեք ոլորտների մասին, որոնք կարող ենք վերահսկել»,- հայտարարել է նա։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Արդեն երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Lydian Armenia ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։