Հայաստանին անհրաժեշտ է որակապես փոխել լեռնահանքային արդյունաբերության զարգացման մոտեցումը, որպեսզի միջազգային շուկաներում մրցի ոչ միայն բնական ռեսուրսների հաշվին, այլև արդյունավետ պետական կառավարման, տեխնոլոգիաների, որակյալ մասնագետների և պատասխանատու բիզնես վարելու շնորհիվ։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia 2026 համաժողովում։

Ըստ նրա՝ լեռնահանքային արդյունաբերությունը դեռևս ներդրումային միջավայրի, տեխնոլոգիական զարգացման և երկրի տնտեսության երկարաժամկետ մրցունակության համար կարևորագույն ճյուղերից մեկն է։ Միաժամանակ, դրա դերը համաշխարհային տնտեսությունում էապես փոխվում է, իսկ ռազմավարական նշանակություն ունեցող հանքային ռեսուրսների նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել։ Վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականները՝ Գրիգորյանը նշել է, որ մինչև 2040 թվականը պղնձի համաշխարհային պահանջարկը կաճի մոտ 7 միլիոն տոննայով։

Հայաստանն ունի լեռնահանքային արդյունաբերության երկարամյա պատմություն և հարուստ է միջազգային շուկաներում պահանջված մետաղներով, ներառյալ՝ պղնձով և մոլիբդենով, ընդգծել է նա։ Սակայն, շարունակել է փոխվարչապետը, երկրի խնդիրը միայն արդյունահանման ծավալների ավելացումը չէ։ «Մեր խնդիրն է որակապես նոր մակարդակի լեռնահանքային արդյունաբերության ճյուղ ստեղծել»,- հայտարարել է նա։

Ըստ Գրիգորյանի՝ այսօր պետությունների մրցունակությունը որոշվում է ոչ միայն բնական հարստությունների առկայությամբ։ Ոչ պակաս կարևոր են կարգավորման կանխատեսելիությունը, կայուն հարկային միջավայրը, արդյունավետ պետական կառավարումը, ենթակառուցվածքները և ներդրողների համար հստակ քաղաքականությունը։ Փոխվարչապետը նշել է, որ այդ ուղղություններով Հայաստանը դեռևս ունի լուծման ենթակա խնդիրներ, սակայն միաժամանակ կան նաև զարգացման իրական հնարավորություններ։

Նրա գնահատմամբ՝ խաղաղության օրակարգը կարող է էապես փոխել Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը։ Ավելի բաց և փոխկապակցված տարածաշրջանում երկիրը կարող է ձգտել լեռնահանքային արդյունաբերությունում ավելի լայն դերակատարության։ «Ավելի բաց և փոխկապակցված տարածաշրջանում Հայաստանը կարող է ձգտել ոչ միայն հումք արտահանող երկրի դիրքին, այլև ավելի լայն լեռնահանքային և արդյունաբերական էկոհամակարգ ձևավորել»,- նշել է փոխվարչապետը։
Գրիգորյանն ընդգծել է միջազգային չափանիշների ներդրման շարունակականության և լեռնահանքային հատվածի նկատմամբ վստահության ամրապնդման կարևորությունը։ Նրա կարծիքով՝ Հայաստանին անհրաժեշտ է օգտագործել իր հանքահումքային ներուժն այնպես, որպեսզի երկրի մրցունակությունը որոշվի ոչ միայն օգտակար հանածոների պաշարներով, այլև կառավարման որակով, մասնագետների պրոֆեսիոնալիզմով, կիրառվող տեխնոլոգիաներով և պատասխանատու գործարար մշակույթով։
Փոխվարչապետն առաջարկել է համաժողովի երկօրյա քննարկումների կենտրոնական հարց դարձնել այն, թե առաջիկա 10–20 տարիներին ինչպիսի լեռնահանքային արդյունաբերություն է անհրաժեշտ Հայաստանին, տարածաշրջանին և աշխարհին։
Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Լեռնահանքային համաժողով» զարգացման հիմնադրամը և Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Արդեն երրորդ անգամ անցկացվող համաժողովի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Lydian Armenia ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։











