Հայաստանի համար կարևոր է կատարելագործել հանքարդյունաբերության ոլորտի տեղացի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ներքին ընթացակարգերը։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում ընթացող Mining Armenia Forum 2026 համաժողովի ժամանակ հայտարարել է երկրաբանության և ընդերքօգտագործման ոլորտի ղազախստանցի փորձագետ, CRIRSCO-ի ներկայացուցիչ Նիկոլայ Ենշինը։
Նա Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար հինգ առաջնահերթություն է առաջարկել։ Ըստ փորձագետի՝ էական է հստակեցնել հաշվետվողականության գործընթացում պետության և ներդրողների ներգրավվածության նպատակները, սահմանել մասնագետների իրավասությունների շրջանակը, ինչպես նաև հրապարակել գործնական քայլերի ուղեցույց՝ հաշվի առնելով արխիվային ու պատմական տվյալները։
Ենշինը նշել է նաև մասնագիտական ինքնավարության պաշտպանության փորձարարական համակարգ ներդնելու հնարավորության մասին։ «Այս բոլոր ջանքերը պետք է համահունչ լինեն միջազգային փորձին»,— պարզաբանել է նա։
Համաժողովի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական համաժողով» զարգացման հիմնադրամն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Արդեն երրորդ անգամ անցկացվող համաժողովի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկն ու «Թեղուտ» ՓԲԸ-ն։











