Հայաստանում ESG-ի (բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման) թեմայով քննարկումները ծավալվում են առավելագույնը երկու տարվա կտրվածքով, ընդ որում՝ դրանցում ամենաքիչն է անդրադարձ կատարվում հենց կորպորատիվ կառավարման բաղադրիչին։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում ընթացող Mining Armenia Forum 2026 համաժողովի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Նա պարզաբանել է, որ միջազգային պրակտիկայում հենց վերջին բաղադրիչին է ամենամեծ ուշադրությունը դարձվում, քանի որ բազմաթիվ ֆինանսական կառույցների համար այն ներդրումների առաջնային «զտիչ» է։

Ստեփանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող քննարկումներում կորպորատիվ կառավարման բաղադրիչը գրեթե բացակայում է։

«Սա լուրջ խնդիր է, և անհրաժեշտ է միասնական ջանքերով բարձրացնել այս բաղադրիչի կարևորությունը, քանի որ հենց դրանից են բխում բնապահպանական ու սոցիալական կառավարման ցուցանիշները։ Միևնույն ժամանակ մենք՝ որպես հանքարդյունաբերական ընկերություն, նախընտրում ենք կիրառել «կայուն զարգացում» եզրույթը։ Մեր նպատակն է մեր հետևից լավ ժառանգություն թողնել։ Իսկ բանկերի և ֆինանսական հաստատությունների համար ESG-ն այն միակ չափանիշն է, որով նրանք կարող են գնահատել բիզնեսի գործունեությունը բնապահպանական ու սոցիալական հարցերում»,— ընդգծել է նա։

Նրա փոխանցմամբ՝ ներդրողները պահանջում են ESG բաղադրիչները ներդնել անգամ այնպիսի կառավարման համակարգերում, որոնք առաջին հայացքից բնապահպանական կամ սոցիալական որևէ տարր չեն պարունակում։

Որպես հանքարդյունաբերական ընկերությունների համար առանցքային հարցեր՝ Ստեփանյանն առանձնացրել է պոչամբարների, ջրային ռեսուրսների ու արտանետումների կառավարումը, տեղական համայնքների հետ փոխգործակցությունն ու այլ ուղղություններ։

«Հենց այս չափանիշներով են լավ հանքարդյունաբերական ընկերությունները տարբերվում վատերից։ Եթե դու պատասխանատու հանքարդյունաբերական ընկերություն ես, չպետք է սահմանափակվես միայն օրենսդրական պահանջներով կամ ներդրողների թելադրանքով։ Անհրաժեշտ է ձգտել ավելիին»,— շեշտել է նա։

Համաժողովի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական համաժողով» զարգացման հիմնադրամն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Արդեն երրորդ անգամ անցկացվող համաժողովի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկն ու «Թեղուտ» ՓԲԸ-ն։