Ադրբեջանը չի պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը, բայց խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայման է առաջադրում։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։

«Ադրբեջանի կողմից Հայաստանին Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա… Ադրբեջանը ոչ թե պահանջում է, այլ հրապարակայնորեն հայտարարում, որ իրենք կամք են դրսևորել, նախաստորագրել են փաստաթուղթը, պարտավորություն են ստանձնել, բայց խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Մայր օրենքը»,— ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ պետք է տարբերակել «պահանջ» և «նախապայման» բառերը։