Եթե Վրաստանից ու Պարսկաստանից է ցեմենտ գալիս Հայաստան, իսկ Հայաստանում էլ «Հրազդա ցեմենտը» կանգնած է, նշանակում է դեֆիցիտ կա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21–ին, «Հրազդանցեմենտ» գորածարանում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Եթե կարող ենք տեղում ցեմենտ արտադրենք, ներքին շուկան զարգացնել, այսօր գնում ենք վրացիների ու պարսիկների շուկան ենք զարգացնում, նրանց ենք հարստացնում, մենք հարստանալու փոխարեն։ Հիմա մեր ուզածն այն է, որ օր առաջ բացվի, բոլորս էլ աշխատենք, ավելի շատ վաստակենք։ Սա է մեր հավաքվելու խնդիրը։ Հին աշխատողներն էլ իրենց աշխատավարձն են ուզում։

Դրա համար պետությունը այս գույքը թթու պիտի չդնի, այլ պիտի ինչ-որ մեկին տա աշխատացնելու։ Եթե գործարանը չաշխատի, աշխատողները կհեռանան, մեկը կգնա Ռուսաստան, մեկը՝ Եվրոպա։ Պետք է սա աշխատի, քարը քարի վրա դրվի, եղածը զարգացվի, մեր տնտեսությունը զարգանա։

Հիմա մենք ուզում ենք մեր թիմով իմանանք՝ եթե վաճառում է պետությունը, երբ է վաճառում, վաճառում է, չի վաճառում, ըստ քայլերն էլ ղեկավար կազմը արդեն քայլերը կասի, մենք էլ կիմանանք, իսկ հիմա դուք էլ կիմանաք»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։

Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։

2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարել էր. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։