Դիմակայունության բարձրացման համար չափազանց կարևոր է, որ հնարավորինս շուտ հասնենք տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Այս մասին հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանի առաջիկա նստաշրջանում կվավերացվի TRIPP ծրագրի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը։
Երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած աշխատանքային խումբն արդեն մեկնել է Սյունիք՝ գործնական աշխատանքների մեկնարկը տալու համար։
«Անցնում ենք գործնական քայլերի փուլին։ Տնտեսական դինամիկա ապահովելու համար սա առաջնային հարց է։ Հայաստանն ու ԱՄՆ-ը գտնվում են TRIPP Development Company-ի հիմնադրման վերջնական հանգրվանում։ Մեր կողմից կատարվելիք աշխատանքները, իբրև հայկական կողմի ներդրում, կհանձնվեն այդ ընկերության կառավարմանը»,- հավելել է վարչապետը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է, որ աշխատանքային խմբի այցի նպատակը նախագծային աշխատանքների մեկնարկի կազմակերպումն է եղել։
Նա ընդգծել է, որ ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական ուղղություն՝ երկաթուղի, ավտոճանապարհներ և էներգետիկ ենթակառուցվածքներ։
Գրիգորյանի փոխանցմամբ՝ երկաթուղու հետագծի հարցում ամեն ինչ պարզ է և հստակեցված։
«Ավտոճանապարհների հարցում դեռ պետք է մոդելավորում անենք, որովհետև կան դժվարանցանելի հատվածներ։ Վերջնական լուծումը պետք է մրցունակ լինի. ի վերջո, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է։ Այն կլինի մրցունակ, իսկ ծախսերը՝ արդյունավետ, եթե տարածաշրջանում առավելություն ունենանք»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ էլեկտրահաղորդման գծերը նույնպես կմոդելավորվեն։
«Այս երեք ենթակառուցվածքների մասով կարելի է սկսել նախագծային աշխատանքները՝ չսպասելով TRIPP Development Company-ի (TDC) ձևավորմանը։ Մենք ճիշտ ենք համարում այդ աշխատանքները հենց այսօր սկսելը»,- ընդգծեց նա։











