ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։
Փաստաբանը վերահաստատել է, որ մեղադրանքն իսպառ անհիմն է և ավելի շատ կամայական եզրահանգումներով արված գեղարվեստական հորինվածք է հիշեցնում։ Այս «գործով» միջոցների ծագումը պարզելու խնդիր դրված չէ․ խոսքն այն մասին է, որ նախկին նախագահին մեղսագրվում է իր սահմանադրական պարտականությունների կատարումը։
«Պնդում են, թե նրա վավերացրած կառավարության որոշ որոշումներ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, իսկ ինքը դրանք ստորագրել է անձնական շահերից ելնելով», - ասել է փաստաբանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանն այլընտրանք չի ունեցել։ Այն ժամանակ գործող Սահմանադրության համաձայն՝ որոշումները ստորագրում էր վարչապետը, իսկ նախագահը վավերացնում էր։











