Defanse Housing-ի շինհրապարակում առաջին փուլի խոշորածավալ նախագիծը մտել է եզրափակիչ փուլ։ 66 բնակելի շենքերից 30-ի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Դրանք պատրաստ կլինեն առաջիկա 2-3 ամսում՝ կախված եղանակային պայմաններից։ Իսկ առաջին փուլի բոլոր 66 շենքերի շինարարության ավարտը նախատեսվում է առաջիկա 5-6 ամսվա ընթացքում։
Թաղամասում ավարտական տեսքի են բերվում ոչ միայն բնակելի շենքերը, այլև դրանց հարակից տարածքները։ Միջբակային հատվածներն արդեն բարեկարգված են՝ գազոններով, ծառերով, նստարաններով, անվանական լուսատուներով։ Ամբողջությամբ ձևավորված է շուրջ 40 հեկտար մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը։ Ասֆալտապատվել է նաև տարածքով անցնող 2500 մետր երկարությամբ 4-րդ ճանապարհը՝ հեծանվուղու հետ միասին։ Ճանապարհային ենթակառուցվածքները, ասֆալտապատման որակը համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին և ապահովված են անհրաժեշտ գծանշումներով։ Ավարտական փուլին է մոտենում նաև Հայաստանի ամենամեծ գունաձայնային և լազերային շատրվանային համալիրի շինարարությունը։
Նախագծի իրականացման գործում ներգրավված են մասնագիտացված ընկերություններ, որոնք պատասխանատու են օդափոխվող ֆասադային սալիկապատման և ալյումինե պատուհանների տեղադրման համար։
Ավարտական ակտերի տրամադրման գործընթացին զուգընթաց՝ կառուցապատողը կազմակերպում է բնակիչների ամենշաբաթյա այցերը և սկսում բանալիների հանձնումը։ Սա հնարավորություն կտա բնակիչներին հնարավորինս շուտ սկսել իրենց բնակարանների վերանորոգման աշխատանքները։
Կառուցապատողը նշում է, որ առաջին 30 շենքերի երեսպատման ընթացքում կուտակված փորձը հնարավորություն կտա մնացած 36 շենքերի աշխատանքներն իրականացնել ավելի արագ՝ պահպանելով որակի նույն բարձր չափանիշները։
Defanse Housing-ի նախագիծը ներառում է ոչ միայն բնակելի շենքերի կառուցում, այլև քաղաքաշինական նոր միջավայրի ձևավորում։ Շինարարության այս փուլում առանձնահատուկ նշանակություն ունի շենքերի երեսպատման որակը: Ճարտարապետական լուծումներից մինչև շինանյութերի ընտրություն՝ նախագծի յուրաքանչյուր բաղադրիչ իրականացվում է սահմանված պահանջներին համապատասխան։ Աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն ուղղված է որակական չափանիշների պահպանմանը և բնակիչների համար երկարաժամկետ, հարմարավետ միջավայրի ձևավորմանը։











