Սահմանադրության հարցը ոչ թե հետընտրական օրակարգ է, այլ նախընտրական օրակարգ է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նա միցրեց նախընտրական շրջանի մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ՔՊ–ն չստանա սահմանադրական մեծամասնություն, աղետաբեր պատերազմ կլինի։
«Եինչպես տեսնում եք՝ ժողովուրդը սահմանադրական մեծամասնություն չի տվել և սա փաստացի ահաբեկման գործընթաց էր. «Դուք նախընտրական շրջանում գնացել եք ժողովրդի մոտ և նման աներկբա տեքստերով հաղորդակցվել եք ժողովրդի հետ, ասել եք՝ մեզ ձայն պիտի տաք, որպեսզի մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն: Սահմանադրական մեծամասնություն ի՞նչ անելու համար, բնականաբար Ալիևի պահանջով սահմանադրություն փոխելու համար։ Չեք ստացել դա: Եվ երբ դուք ասում եք՝ մենք տեքստի հրապարակումից հետո կգնանք ընդդիմադիրների հետ կխոսենք, կհամոզենք, պարզ տրամաբանությունը չեք ընկալում որ այդ համոզելու սուբյեկտը ընդդիմադիր պատգամավորը չի, համոզելու սուբյեկտը ժողովուրդն է եղել և դուք նրանց չեք համոզել։ Այն մարդիկ, ովքեր մեզ են ընտրել այդ մարդիկ մեզ չեն լիազորել որ մենք կողմ քվեարկենք ալիևյան սահմանադրությանը։
Ոչ էլ այն իրողությունը պետք է լինի, որ յուրաքանչյուր ադրբեջանական պահանջ բավարարելու համար տարին մեկ մեր ժողովուրդը անցնի այն ցնցումների միջով, որ ընտրական պրոցես է կոչվում։ Այսինքն այնպես չի, որ մեր ժողովրդին պետք է ցնցումների ամեն անգամ ենթարկել ադրբեջանական պահանջ կատարելու համար»,–ասաց նա։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք բազմիցս, որ սահմանադրության օրակարգը մեզ համար ներքին օրակարգ է, որը, իհարկե, կունենա նաև միջազգային և տարածաշրջանային որոշակի շատ կոնկրետ ազդեցություն։ Այսօր, պարոն Միրզոյանը, իհարկե, առանց նախապես համաձայնեցնելու, հարցին տվեց մի փոքր միջազգային և տարածաշրջանային կոնտեքստ, և ընդդիմության ներկայացուցիչներն էլ հարցադրում արեցին, թե այ դուք երաշխավորո՞ւմ եք, որ դա ինչ-որ հանգրվանի վերջին կետն է։
Ես այսօրվա խոսակցությունը կընդունեմ ի գիտություն, որովհետև մինչև այս պահը ինձ համար թեման եղել է ներքին տրամաբանության մեջ։ Կարծում եմ՝ մենք պետք է անենք որոշակի աշխատանք և այս հարցը չի կարող ուղղակի հարց ու պատասխանի հանպատրաստի ռեժիմով ստանալ պատասխան։ Ես այս հարցը վերցնում եմ, և ասում եմ, որ առաջիկայում կկենտրոնանամ այդ հարցի պատասխանը ձևակերպելու և չեմ բացառում այդ հարցի պատասխանից բխող առաջարկ անելու վրա, որից իմ կարծիքով, եթե այդ առաջարկը ձևակերպվի, ես այդ կետում, կարծում եմ, կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել»։
Աննա Գրիգորյանը նկատեց. «Ընդդիմությունը ոչ թե ձեր առաջարկից է հրաժարվում, այլ Ալիևի առաջարկից է հրաժարվում։ Ցավոք դուք արդեն նույնականացել եք։ Ես անկեղծ ուշադիր ձեզ լսում եմ և ինչքանով հասկացա, դուք ոչ թե ինձ էիք արձագանքում, այլ Արարատ Միրզոյանին, ասելով՝ ինչեր ես առաջարկում առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Որովհետև լավ չհասկացա՝ ձեր պատասխանը ինչի մասին է։
Ակնհայտ է մի իրողություն, որ այս խորհրդարանը ձևավորվել է այն տեսքով, ինչպիսին որ կա։ Մենք ունենք մեր դժգոհությունները, դուք ունեք ձեր դժգոհությունները, բայց փաստ է, որ այս համամասնությունը ձևավորվել է նաև այն օրակարգով, որ դուք դրել եք։ Եվ այս ահաբեկումները դուք եք ասել, դուք եք մարդկանց ասել՝ եթե չստանանք սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ, պետք է փոխվի սահմանադրությունը։
Դուք վերջերս ասում եք՝ իմ քաղաքական առաքելությունը ավարտված կհամարեմ, եթե չկարողանամ փոխել սահմանադրությունը։ Հունիսի 7–ին ձեր իսկ ասած առաքելությունը արդեն ավարտված է»,–ասաց Աննա Գրիգորյանը։
Փաշինյանն արձագանքեց. «Այստեղ մնում էր ասել՝ ծափ, ծափ, ծափ։ Ես էլի ասում եմ հետևյալը, որ մենք պետք է կենտրոնանանք մեր կենսական խնդիրների լուծման վրա։
Ես ասել եմ, որ ընդդիմադիրները իւրենց հարցադրումներով ապացուցեցին, որ եթե իրենք հանկարծ այս իրավիճակներում լինեին իշխանություն, պատերազմ կծագեր։ Այդ թվում ձեր ասածն է պատճառը, որ ես կարծում եմ, որ եթե ընտրություններից առաջ կարող էինք ասել՝ հա, դե խաղաղության համաձայնագիր է, նախաստորագրվել է, երբ լինի՝ կստորագրենք։ Մենք մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնենք խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վրա»։











