Ես տեսել եմ լրագրողների բոլոր ճեպազրույցները ընդդիմադիր մեր գործընկերների հետ, լսել եմ, թե ինչպես էիք պարոն Կարապետյանին և մյուս ընդդիմադիր գործընկերներին ասում, թե ինչի՞ սկսեցիք նմանատիպ կռիվ Ազգային ժողովում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Վահանգ Ալեքսանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ես տեսել եմ, որ ասում էիք՝ չէիք մտածո՞ւմ արդյոք, որ այդ կռվի ժամանակ կարող է ինչ-որ մի բան լինի, այսպես լինի,այնպես լինի, շատ ոգևորված եմ։ Ես ոգեշնչված եմ ձեր նմանատիպ ճեպազրույցներից»,–ասաց նա։

Հարցին՝ երբ աթոռ էր նետում ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ, չէր մտածո՞ւմ, որ կարող է ինչ–որ մեկին մահացու վնասվածք հասցնել, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք էլի»։

Գնահատելով տեղի ունեցածը նա ասաց. «Նորմալ չի, երբ որ հարձակվում են ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա, հեչ նորմալ չի։ Այո, Տիգրան ԱԲրահամյանն էլ է փորձում աթոռը վերցնել, չի ստացվում

Եեթե մի բանը դարձել է հազարավոր մեմերի առիթ, մարդիկ այդ ամեն ինչը վեր են ածել հումորի ու մնացածի, կարծում եմ ձեր այս ողբերգական ու պոտենցիալ Կիկոսի մահի տոնը տեղին չէ»։

Դիտարկմանը, որ այդ կադրերը հայտնվել են միջազգային մամուլի էջերում, Ալեքսանյանն ասաց. «Այո, ես համաձայն եմ, որ անթույլատրելի է, չի կարելի նման բան տեղի ունենալ Ազգային ժողովում, երբ որ ամբիոնից մարդ է ելույթ ունենում, ու նրա վրա հարձակում է տեղի ունենում։ Դա այն դեպքում, երբ տեղի չի ունեցել ոչ մի տեսակի վիրավորանք, հայհոյանք կամ նմանատիպ ինչ-որ բան։ Ես տեսել եմ, որ մարդիկ դատապարտում են տեղի ունեցավ ծեծկռտուքը, բայց մյուս կողմից, որքան էլ զարմանալի թվա, ես տեսել եմ նաև այս ամենի բերումով մեծ հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի հանրահռչակման տեսանկյունից շատ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, որքան էլ որ դատապարտելի է տեղի ունեցածը»։